տները նորոգում, որ վաղը նաև կանայք, ծերերը և երեխաները վերադառնան։ Նույն ծանր վիճակն է և Էրքեջում, ուր գյուղի հայ բնակչությանը իր պապենական օջախներից տեղահանելուց հետո «սեփականաշնորհման» իրենց գործընթացով փորձել էին տեր կանգնել ոչ միայն տներին, այլև անգամ բաժանել էին գյուղի և շրջակայքի ընկուզենիները՝ դրանց վրա էլ փակցնելով իրենց անունները։ Այստեղ, սակայն, փորձել էին ոչ միայն ներկան յուրացնել, այլև անցյալը ջնջել, որ տեր դառնան ապագային։ Գյուղի եկեղեցին պղծելուց բացի ավերել էին և դիմացի լանջին գտնվող գերեզմանոցը՝ հին քարերը շրջելով, իսկ նորերը տանելով շինարարությունում օգտագործելու։ Երևանում ապրող նախկին էրքեջցիները, որոնք շարժման ընթացքում միայն օպերայի հրապարակում էին տեր կանգնում իրենց ծննդավայրին, թող իմանան, որ իրենց ծնողների շիրմաքարերը տեղացող կրակի տակ նորից գերեզմանոց են հասցրել գյուղը պաշտպանող մարտիկները, և հիմա մնում է, որ հարազատները դրանք իրենց նախկին տեղերում դնեն։
Տեսնելով, որ գյուղը, միևնույն է, չեն կարող գրավել և պահել, բարբարոսները փորձում են հեռվից այն արկերով ավերել՝ միաժամանակ խոչընդոտելով բերքահավաքին, որ ժողովուրդն ընկճվի առաջիկա ձմռանը։ Իսկ ծառերի ճյուղերը ճկվել են ծանրությունից, բայց բերքը հնարավոր չէ հավաքել։ Այն թափվում է կա՛մ շատ հասնելուց, կա՛մ գյուղի վրա արձակված արկերի առաջ բերած ցնցումներից։
Այս ռմբակոծումների պատճառով է, որ առայժմ վերադարձել են հիմնականում տղամարդիկ։ Նրանք էլ ստիպված գիշերում են որպես ռմբապաստարան ծառայող նկուղներում։ Իսկ հաց նրանց համար բերում են դրսից։ Բայց քանի որ արցախյան գյուղը գյուղ է նաև այնտեղ թխվող հացով, վտանգն անտեսելով՝ վերադառնում են և կանայք, ու թոնիրում սկսում է բոցկլտալ կրակը՝ այրելով իր պատերին նստած լքվածության փոշին և տեղահանության դառը հիշողությունները։
Հյուրընկալվում ենք նման մի տանը, ուր երկամսյա ընդմիջումից հետո երդիկից նորից ծուխ էր ելնում, իսկ մի քիչ ներքև