Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չորրորդ բանակը։ Հիմա ՕՄՕՆ-ը չի համարձակվում ներխուժել, քանի որ մենակ է, և դաշտերում աշխատողների վրա դավադիր կրակոցներից այն կողմ չի անցնում։ Սակայն գյուղերում մնում են նրանց թողած հետքերը։ Առաջաձորամ ցույց տվեցին զենք որոնելու պատրվակով խուզարկելիս ամբողջովին պատառոտած շորեր ու սպիտակեղեն, փշրված ապակյա ամաններ, կարծես փամփուշտներն ու ատրճանակը պահածոների մեջ են թաքցնում։ Անձնագրային ռեժիմի նման ստուգումները Շահումյանի ռմբակոծումների իրավական քող ունեցող համարժեքներն են։ Նպատակն է զենք գտնելու պատրվակով սարսափ տարածել, թալանել, փչացնել գյուղացիների ունեցվածքը, քայքայել կեցության տնտեսական հիմքերը՝ մարդկանց ստիպելով լքել հարազատ օջախները։

Նման ծանր խոհերով և տպավորություններով Խաչենագետի հովտով շարժվում ենք առաջ, և վեր տանող ոլորապտույտ ճանապարհի դիմացի լեռնալանջերի միջից, ասես բացվող մի արեգակ, երևում է Գանձասարի մայր գմբեթը։ Նախորդ ամիսների փորձություններից հետո դժվար էր հավատալ, թե վերստին բախտ կվիճակվի տեսնել հոյակերտ այս տաճարը, որն Ալեքսանդր Յակոբսոնի բնորոշմամբ՝ «հայկական ճարտարապետության հանրագիտարանն է»։

Վերելքի ճանապարհին էջ առ էջ բացվում են այդ հանրագիտարանի էջերը, երևում են գավիթը, զանգակատունը, պատկերաքանդակները։ Վերևում իրիկնային ժամերգություն է, և այլայլված հոգով բարձրանում ու խաղաղված իջնում են ուխտավորները։

Վանք գյուղում ենք դիմավորում սեպտեմբերի քսանմեկը։ Հաջորդ օրը երեկոյան «ժամանակ» ծրագրից իմանում ենք հանրաքվեի մասին։ Մի պահ լուռ իրար ենք նայում, և ժապավենի նման աչքներիս առջևից անցնում են մեր ժողովրդի մղած այս վերջին ազգային-ազատագրական պայքարի դրվագները։

Արցախում, անկախ նրանից, ուրախության թե տխրության սեղան է, երկրորդ բաժակը միշտ խմում են մեր գործի հաջողության, իսկ երրորդը՝ ընկած տղաների հիշատակի կենացը։ Հիմա այս երկրորդ ու երրորդ բաժակներն իրար են միանում և դառնում առաջին