Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կրկնակիորեն բարդանում է բնակչությանը հացով ապահովելը, քանի որ շրջափակման պատճառով ալյուր չի ստացվում։ Հիմնականում օգտագործվում է տեղի հացահատիկը։ Էլեկտրաղացները չեն աշխատում, ցորենը պարկերով դարսված է, իսկ հացի փոխարեն հաճախ կարտոֆիլ են գործածում։ Հաջորդ դժվարությունն էլ մի կերպ ստացվող ալյուրից հաց թխելն է դառնում։

Չեն աշխատում կենցաղսպասարկման ծառայությունները, կամ էլ, հնարավորության դեպքում, վերադառնում են անցյալի ավանդական միջոցներին։ Օրինակ, վարսավիրանոցներում գործածվում է միայն մկրատը։ Տներում նկուղներից և գյուղերի անցյալին նվիրված դպրոցական թանգարանային անկյուններից հանվել և ձեռքից ձեռք են անցնում ածուխով տաքացվող արդուկները։ Հնության փոշիներից մաքրվել են նաև պատրույգով աշխատող լամպերը, որոնց ապակե մասի խիստ պակաս է զգացվում, և մարդիկ չեն կարողանում անգամ այս ձևով տներում լուսավորություն ապահովել։ Սա էլ կարևոր մի հարց է Շահումյանի համար, որի լուծումը որոշ չափով կթեթևացնի առօրյա հոգսերը։

Վաղուց նաև գազից զրկված շրջանում էլեկտրականության բացակայությունը կենցաղային բարդություններից բացի առաջ է բերում և հոգեբանական ցնցումներ։ Թշնամական օղակի մեջ գտնվող գյուղերում մթությունը նաև դարանակալ վախի մի զգացողություն է առաջ բերում և, շատերի խոստովանությամբ, դիրքերում հերթապահելիս իրենց ավելի վստահ են զգում, քան տան խավար սենյակներում ու մթին բակերում։

Հարկադրված հատում են Արցախի դարավոր անտառները։ Բնության հետ դաշնություն կազմող տեղի ժողովուրդը ամեն օր խուլ տնքոցով դիտում է, թե շրջակա բարձունքներից ինչպես են գյուղերն իջնում բեռնատարները՝ բարձված հավասարաչափ կտորների վերածված հաստաբուն ծառերով, որոնց ճյուղերի դեռևս կանաչ սաղարթները ասես նրանց հուղարկավորության պսակները լինեն։ Արցախի զարդ այս անտառները, սակայն, կտրվում են ոչ միայն սրտի կսկիծով, այլև մեծ դժվարությամբ, որովհետև շարժիչով