Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխատող սղոցների և տեղափոխելու համար այստեղ գրեթե չճարվող հեղուկ վառելիք է հարկավոր։

Էներգիայի բացակայությամբ ամբողջանում է շրջանի լրատվական շրջափակումը, որովհետև միութենական ու հայաստանյան թերթերը վաղուց արդեն այստեղ չեն հասնում, հիմա էլ հեռուստատեսությունից են զրկվել։ Մարտկոցներ չլինելու պատճառով հնարավոր չի նաև ռադիո լսելը։ Իսկ թե ինչ է նշանակում լույսից և լրատվությունից զրկված լինելը թշնամական օղակում սեղմված ժողովրդի համար, միայն այստեղ կարելի է հասկանալ։

Զարմանալի մի հետևողականությամբ շրջան չի ուղարկվում և ոչ մի թերթ, չնայած չկա մի ընտանիք, որ բաժանորդագրված չլինի հայաստանյան թերթեր։ Իհարկե, բոլորը կանոնավոր առաքել այժմ հնարավոր չէ, սակայն գոնե յուրաքանչյուր գյուղի գրադարանին մի քանի օրինակ ուղարկելը թերևս դժվար չէ։ Չմոռանանք, որ Բաքվից հետևողականորեն փորձում են թույն կաթեցնել մարդկանց հոգիներում, և ժողովրդին շատ է հուզում, թե ինչ են գրում Հայաստանում իրենց մասին։ Կարաչինարում մի ուսուցչուհի ասաց, որ չմոռանալու համար, թե Հայաստանում ինչ թերթեր են լույս տեսնում, ստիպված երբեմն սկսում է կարդալ... բաժանորդագրված թերթերի անդորրագրերը։ Իսկ պատմության փորձը և դեպքերի այսօրվա զարգացումը վկայում են, որ Արցախին փամփուշտից և ալյուրից հետո գիր է հարկավոր։ Հայ գրի բացակայությունը հոգեբանորեն ավելի է մեծացնում կտրվածությունը Մայր Երկրից, այնինչ յուրաքանչյուր ինքնապաշտպանություն ռազմականից բացի հոգևոր հիմք ունի նաև, որովհետև հայրենիքի պաշտպանության գաղափարը ինքնին հոգևոր հասկացություն է։ Քաղաքականությունը քաղաքականություն, բայց իրական մտահոգության դեպքում կարելի էր Արցախի յուրաքանչյուր դպրոց Հայաստանի որևէ դպրոցի հետ կապել։ Հասկանալի է, որ շրջափակման պատճառով դպրոցական կահավորանք տեղ հասցնել հնարավոր չէր, բայց հնարավոր էր ուսումնատեսողական նյութեր և հայոց պատմության ու ազգային–ազատագրական պայքարի հերոսական դրվագներն արտացոլող պատկերներ ուղարկել, որ Արցախի դպրոցներում պոկված հին