Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հնարավորություն էլ չունեն, որովհետև աշակերտական տետրեր էլ չկան։ Մարտակերտում և Շահումյանում 12 թերթանոց մեկ տետրը վաճառվում է 4 ռուբլով։

Սեպտեմբերյան մարտերից հետո, երկու ամիս ուշացումով պարապմունքները վերսկսվել են Վերիշենում, սակայն տետրեր չլինելու պատճառով կիսով չափ ձախողվել են։ Գեղեցիկ գրելու փոխարեն երեխաներից պահանջում են ազատ տողեր չթողնել։ Դպրոցներից մեկում ավելի ծանր տեսարան էր. յուրաքանչյուր տետրում գրում էին երկու աշակերտ՝ մեկը առաջին էջից, մյուսը՝ յոթերորդ։ Դա հանրապետության կրթական գործի պատասխանատուներին ուղղված խարան է։

Ման եկեք Արցախի գյուղերով և չեք գտնի մի արցախցու, որը բողոքի, թե Հայաստանից ինչու շաքար չի ստացվում, որովհետև գիտեն, որ դա ընդհանուր պակասից է։ Մյուս չճարվող ապրանքների համար էլ բողոք չկա, բայց երբ տեսնում են այսպիսի անտարբերություն երեխաների հանդեպ և հատկապես այն հարցերում, որոնք կարելի է լուծել, մարդիկ պարզապես հուսահատվում են և մտածում, թե Հայաստանն իրենցից ձեռք է քաշել։

Փորձենք հասկանալ այն մարդկանց հոգեվիճակը, ովքեր իրենց կյանքն ամեն օր վտանգում են գյուղերի սահմաններին հերթապահելիս, անասունները հանդերը տանելիս ու դաշտերում աշխատելիս և վերադառնալով տուն՝ տեսնում են երեխաները դաս չեն սովորել դասագրքերի, գրենական պիտույքների պակասի պատճառով։ Ի դեպ, եթե Շահումյանում այսօր երեխաներին շրջանից հանելու միտում կա, կյանքի անապահովությունից բացի մի պատճառն էլ սա է։

Արցախում ընդհանրապես ամաչում ես երկրորդ անգամ նույն գյուղն այցելել, որովհետև նրանց ոչ մի խնդրանքը չես կարողանում կատարել, քանի որ Երևանում այդ ամենն անտեսում են։ Իսկ դրանք սննդամթերք և չճարվող ապրանքներ ձեռք բերելու խնդրանք չեն, այլ Հայաստանի կյանքով ապրելու ցանկությունն է։ Ուսուցիչը մեթոդական հրահանգ ու գրականություն է խնդրում, կուլտուրայի տան վարիչը՝ հարցնում հոգևոր կյանքի նորություններից։ Հիմա