Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հերթերի կանգնող և հաճախ օրվա հաց չունեցող արցախահայի համար մեծ անակնկալ էր նման ամոթալի խուճապը, և մեր ժողովուրդը հոգեպես այնքան պետք է ուժեղանա, որ հասկանա, որ այս պայքարը այսօրվա ու վաղվա համար չէ, այլ՝ սերունդների։

Երբ Երևանում պատմում էի այդ պատկերների մասին, պարզվեց, որ սրանց մի մասը ցույց է տրվել հայկական հեռուստատեսությամբ։ Այսինքն՝ հաճախ այն, ինչ մենք ցույց ենք տալիս, մտածելով, թե աշխարհի գութն ենք շարժում մեր ծանր վիճակի պատկերմամբ, մեր հաևանների մոտ անդրադարձվում է որպես անարգանք, և այս իրողության հաշվառմամբ պետք է ցուցադրվի հանրապետության ներքին կյանքին առնչվող ամեն մի պատկեր։

Մինչ տարբեր մակարդակներում քննվում էր Շահումյանի միացումը Արցախին կամ էլ այն լուծարվում էր Բաքվում, շրջանը վաղուց արդեն միացել էր Մարտակերտին, նրա հետ միաձուլվելով տնտեսության և մյուս բնագավառներում՝ դառնալով մեկ մարմին, առանց որի թե՛ տնտեսական և թե՛ ռազմագիտական տեսանկյունից չի կարող հարատևել Մարտակերտը։ Իրար միացած երկու շրջանների միջև ֆինանսատնտեսական օղակների կազմալուծման ներկա պայմաններում կատարվում է պարզ ապրանքափոխանակություն։ Մարտակերտի հացահատիկը բերվում է Շահումյան և փոխանակվում կարտոֆիլի հետ, իրենց հացահատիկն այնտեղ են աղում շահումյանցիները։ Նրանց մոտ բացված արտադրական մի քանի ձեռնարկություններին հումք են մատակարարում Մարտակերտից, այստեղ է նորոգվում Շահումյանի գյուղատնտեսական տեխնիկան, Հյուսիսային Արցախի մանկավարժական ուսումնարանում են սովորում Մարտակերտի աղջիկները։ Իսկ օգոստոսյան օրերին Մարտակերտը նաև ապաստան դարձավ կրակի տակ գտնվող գյուղերի կանանց ու երեխաների համար, այստեղ պահ տրվեց գյուղերի ունեցվածքը։ Սեպտեմբերից սկսվեց վերադարձը հայրենի օջախներ, որը շարունակվում է մինչև այսօր։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումով նրա մեջ ներառվեց նաև Շահումյանի շրջանը։