Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գաղտնիք չէ, որ գյուղերի ավերումների և ռազմական գործողությունների ընթացքում շատ ընտանիքներ տարբեր ճանապարհներով կարողացան այստեղ գտնվող իրենց հարազատների մոտ փոխադրել երեխաներին։ Երևանում, կռվից հեռու հեշտ է մեղադրել այդ ծնողներին, որոնք իրենք էլ տանջվում են երեխաների կարոտից։ Ամեն երեկո, երբ վերականգնվում է կապը Երևանի հետ, նրանք փորձում են գոնե մի քանի րոպեով լսել երեխաների ձայնը, որը շատ քիչ է հաջողվում, և կարոտն առավել է ուժեղացնում դուրս գալու տրամադրությունները։ Շահումյանի հետ վատ կապի պատճառն այսօր տեխնիկական անսարքությունն է, հնացած սարքավորումները, որոնք ցանկության դեպքում կապի նախարարությունը կարող էր կարգի բերել։ Իսկ շարունակական ընդհատումը բարոյալքիչ գործոններից մեկն է, որը շահումյանցիներին շարունակ հիշեցնում է, որ իրենք կտրված և օտարված են այս աշխարհից։ Մենք մի քանի շաբաթը մեկ հպարտությամբ ասում ենք, թե Երևանը կապվեց միջազգային կապի համակարգի նաև այսինչ գծին, բայց չենք մտահոգվում՝ ինչպիսին է կապը մեր պատմական հայրենիքի տարբեր անկյունների հետ։

Շահումյանում ընդհանուր հերոսականության կողքին կյանքի դժվարություններից, Հայաստանի ոչ ուշադիր և ոչ պետական մոտեցումից բխող շատ մտահոգիչ հարցեր կան, որոնք սպառնում են քայքայել շրջանը՝ այն դատապարտելով խաղաղ դատարկման։

Որոշել էի վերադառնալուց հետո գրել այդ բոլոր հարցերի մասին, սակայն այժմ, երբ իրավիճակը կտրուկ փոխվել է, և առաջնահերթ խնդիրը դարձյալ ինքնապաշտպանությունն է, հուսանք, որ այս փորձությանն էլ դիմակայելուց հետո համապատասխան օղակներում վերջապես այդ հարցերը համակողմանիորեն կքննարկվեն բոլոր նրանց հետ, ովքեր քաջածանոթ են գործերի իրական վիճակին, այլապես կարող է կրկնվել հին պատմությունը՝ հաղթել կռվում և պարտվել կյանքում։ Հիշենք, որ այդպես եղավ Կուշչի-Արմավիրում, երբ 1988 թ. դեկտեմբերյան տեղահանության ալիքին դիմագրաված գյուղի ժողովուրդը 1989 թ. աշնանը վաճառեց տները և հեռացավ՝ սեպ խրելով Շահումյանի ու Գետաշենի միջև։ Կամ էլ