Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2.

Մակերեսային մոտեցմամբ թվում է, թե խորհրդային պատժիչ մեքենայի թուլացմամբ կմեղմանան տեղի ունեցած բռնությունները, սակայն դեպքերի զարգացումն ապացուցեց, որ Արցախը թե՛ անվտանգության երաշխիքների և թե՛ տնտեսության զարգացման ու կենսապահովման առումով կարող է ապագա ունենալ միայն ուժեղ կենտրոնացված պետությունում, որի վերստեղծման ներկա փորձերն էլ կարող են դառնալ նրա փրկության վերջին հնարավորությունը։

Մինչև օգոստոսյան ճգնաժամը, երբ դեռ կար համեմատաբար ուժեղ Միությունը, Արցախում չէին կարող հանդուրժվել մեծածավալ ռազմական գործողությունները, որովհետև դրանք կա՛մ կվկայեին կենտրոնական իշխանությունների անօգնականությունը, կա՛մ էլ կհաստատեին հարցի սրման նրա շահագրգռվածությունը։ Երկրամասում ընթանում էր «ներքին» պատերազմ, որն ադրբեջանական կողմից դրսևորվում էր անասնագողությամբ, դավադիր սպանություններով ու պատանդների առևանգմամբ, հայերին իրենց բնակավայրերը թողնել պարտադրող հոգեբանական ահաբեկչությամբ։

Ճիշտ է, հիմա զորքը գրեթե չի միջամտում, սակայն հենց այս պատճառով էլ դրությունը ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում։ Ներքին այդ պատերազմը, երբ փոխադարձ հրաձգությամբ զինված ընդհարումներ էին տեղի ունենում օմօնականների և հայկական ուժերի միջև, աստիճանաբար փոխարինվում է դիրքային հեռահար հրետակոծությամբ։ Եթե մինչ այս պատերազմը Մանաշիդ մտնելու համար հարևան Թոդան և Կուշչի-Արմավիր գյուղերից մի քանի դիրքեր պետք է հաղթահարեին ու գրավեին, ապա հիշյալ երկու գյուղերից այժմ հնարավոր է ռմբակոծել Մանաշիդի տները՝ գործնականում անհնար դարձնելով նրա և Էրքեջի վերաբնակեցումը ազատագրումից հետո։ Իսկ բազում հարձակումներ կրած Կարաչինարը ավերվում է Շեֆեկից ու Զեյվայից։ Իսկ եթե մինչ հրետակոծությունները Քարինտակ գյուղը կարող էր սպառնալիք լինել