Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուշիի համար, ապա այժմ այն դարձել է թիրախ։ Բարձունքում գտնվող Շուշիից հեշտ է հրթիռակոծել նաև Ստեփանակերտը՝ հնարավորություն ունենալով հարվածել շինությունների հիմքերին։ Իսկ ներքևում գտնվող հայկական կրակակետերից կարող են վնասվել լոկ Շուշիի շենքերի տանիքներն ու բարձր հարկերը։ Դիրքային հրետակոծումների այս պատերազմը աստիճանաբար ամայության մի յուրօրինակ գոտի է ստեղծում ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև՝ ամբողջ սահմանի երկայնքով ավերելով թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական գյուղերը, բնակչությանը ստիպելով լքել տները։ Մնում են միայն երկու կողմերի կրակակետերը։ Այս պայմաններում միակ ելքը, նայած քաղաքական իրադարձությունների հետագա զարգացմանը, խորհրդային կամ միջազգային զսպիչ ուժերի ներկայությունն է, առանց որի չի կարող ապահովվել և ԼՂՀ-ի կենսագործունեությունը։ Մինչ այժմ այն իրականացվում էր զինվորականների կողմից, որոնք տեղ էին հասցնում անհրաժեշտ վառելիքը, հումքը և սննդամթերքը։ Այժմ, քանի որ զորքը չի կարող ազատ տեղաշարժվել անկախացող հանրապետությունների տարածքով, դժվարանում է և բեռնափոխադրումը։ Արցախցին որքան էլ զենքը ձեռքին հերթապահի ու դիմանա կյանքի դժվարություններին, եթե չապահովվի վառելքի և հումքի մատակարարումը, ծավալվող գործազրկությունը ժողովրդի մի ստվար մասին կպարտադրի թողնել հարազատ երկրամասը։ Այսինքն՝ եթե չգան զսպիչ ուժերը, շարունակվող ավերներն ու տնտեսության կազմալուծումը աստիճանաբար Արցախը հայրենիքից կվերածեն լոկ Ադրբեջանի համար անմատչելի ու աննվաճ մի տարածքի։ Այսինքն՝ հայկական ուժերով կարելի է Արցախը պահել, բայց հնարավոր չէ կանգնեցնել այնտեղ սկզբնավորված և տարածվող ներքին քայքայումը։

Զորքերի ներկայությունն անհրաժեշտ է նաև հոգեբանական առումով։ Այսօր Արցախում ընկճվածությունը ավելի է, քան տեղահանության ալիքի օրերին, չնայած գյուղերի մեծ մասը հետ են գրավվել։ Այն ժամանակ, որքան էլ Մոսկվան հարվածում էր նրան, այնուամենայնիվ, վստահ էին, որ Կենտրոնն ինչքան էլ ձգի օղակը,