միևնույն է, չի խեղդի, իսկ վաղը կարող է վերջ տալ հակահայ պահվածքին։ Իսկ Կենտրոնի աստիճանական վերացմամբ Արցախը որքան հանձնվի Բաքվի տնօրինությանը, այնքան կնվազի հարցի լուծման գոնե միջանկյալ տարբերակը, և չի մնա ապագայի և ոչ մի հեռանկար։ Այսինքն՝ վատ Կենտրոնն իր հաստատած զինվորական իշխանությամբ անհամեմատ նախընտրելի է Ադրբեջանի կազմում ցանկացած ինքնավարությունից։ Փաստորեն, ստեղծվում է արատավոր մի շրջան. Արցախն ապագա չի կարող ունենալ Ադրբեջանի կազմում, Հայաստանն այսօր կարող է պաշտպանել Արցախը, սակայն չի կարող հասնել իրական վերամիավորման, և միաժամանակ առանց Արցախի կվտանգվի ընդհանրապես Հայաստանի ապագան։ Արատավոր այս շրջանը ճեղքող միակ հնարավորությունն ու հույսը վերստին Մոսկվա տանող ճանապարհն է։
Իհարկե, կարող է բերվել կիսագրագետ այն փաստարկը, որ վերջին դարերում մենք շատ ենք դիմել Ռուսաստանին և ամեն անգամ պատժվել դրա համար։ Այդպես եղավ նաև 1988-ին, սակայն հիշենք, թե ինչ ծաղկում էր ապրում Արցախը Վոլսկու կոմիտեի օրոք, իսկ ինչ վերաբերում է 1990 թ.–ից վիճակի կտրուկ փոխվելուն, Մոսկվա-Բաքու դաշինքից առավել այն հարկավոր է փնտրել մեր սխալ քաղաքականության մեջ, որը տխուր շատ զուգահեռներ ունի դարասկզբի և մասնավորապես դրանցից ամենագլխավորի հետ՝ Բաքվում, Գանձակում և ընդհանրապես Անդրկովկասում ծավալված հայկական ջարդերի հետ։ Արտաքին նմանություններից առավել կարևոր ու էական է դրանք ծնող գլխավոր պատճառը՝ հայերն իրենց հեղափոխականությամբ ցնցում էին կայսրության հիմքերը, որի պատճառով էլ կազմակերպվեցին ու հրահրվեցին այդ ջարդերը։
Հայ եկեղեցու ունեցվածքի բռնագրավման և հայկական դպրոցների փակման դեմ ծավալված՝ մինչ այդ կայսրությունում նմանը չունեցող շարժումը վախեցրեց ցարին, սակայն այդ շարժումը հանդուրժելի էր մինչև այն պահը, երբ հետապնդում էր ազգային խնդիրներ, սակայն երբ դուրս եկավ այդ շրջանակից՝ ներառվելով