Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպքերի մասին, որպեսզի այնուհետև էլ այստեղից սփռվեն ողջ աշխարհով։

Վերջին տարիներին այս շենքում իրար փոխարինելով կամ իրար գրկախառնվելով բարձրանում էին ԽՍՀՄ-ի ու Ադրբեջանի դրոշները։ Արցախում հիմա դրանք պատմություն են դարձել, դեռևս չսպիացած վերքով արյունոտ պատմություն, ու այդ վերքին սպեղանի դառնալ է փորձում հարյուրամյա կուսակցության դրոշը։ Շենքի առջևի հրապարակում էլ դեռևս կանգուն է գիպսե առաջնորդը, չնայած նրան շրջապատող բոլոր շենքերը ավերվել կամ վնասվել են։ Համաձայն մի հին իմաստության՝ մահը մահին չի հարվածում, ու երևի այդ պատճառով է, որ նրան դեռևս արկի որևէ հարված չի դիպել։ Արցախը դեռևս գտնվում է «առաջնորդի» չարաշուք ստվերի ներքո, և այս արձանն ինքն իրեն կփշրի ու գետին կտապալվի միայն այն ժամանակ, երբ ազատության արեգակը վերջնականորեն կփայլի Արցախի երկնակամարում... Իսկ մինչ այդ շարունակվում է պատերազմը։ Երկրի ինքնապաշտպանության գործը պարտադրում է ոչ միայն համապատասխան կառուցվածքների ստեղծում, այլև իրենով է պայմանավորում անգամ բարոյական արժեքների ու չափանիշների ձևավորումն ու գնահատումը։ Միշտ մեծերին նմանվել ձգտող երեխաներն էլ են ցանկանում զինվորական համազգեստ հագնել, իսկ աղջիկները տիկնիկների փոխարեն հին լաթերով վիրակապություն են խաղում։ Սի ծնող, ցանկանալով ուրախացնել երեխային ու մոռացնել տալ առօրյա սարսափները, երևանում հարազատների նյութական օժանդակությամբ մի կոստյում էր գնել ու բերել, սակայն երբ երեխան այն հագած դուրս էր եկել, աղջիկները սկսել էին ծաղրել, թե էլ ինչ տղա, որ զինվորական չէ, և երեխան, գտնելով գունաքողարկման կանաչ մի մեծ կտոր, խնդրել էր, որ այն կարեն կոստյումի վրա։

Ստեփանակերտից երբ վերադառնում ես Երևան, նոր ես զգում, թե բարոյական արժեքների ու ազգային չափանիշների ինչ ահռելի տարբերություն կա, ու ուզում ես հավատալ, որ ինչպես 1988 թ. Արցախյան շարժմամբ մեր ժողովուրդն արթնացավ ապազգայնացման մահաբեր թմբիրից, այնպես էլ այսօր վերստին Արցախով