Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապրում է նկուղներում։ Երկու տեղերում էլ հակառակորդի նպատակը նույնն է՝ հնարավորին չափ շատ ավերել բնակելի շենքերը, որպեսզի եթե զենքի ուժով էլ չհաջողվի հայաթափել Արցախը, ապա խաղաղության հաստատումից հետո էլ ստեղծված անելանելի վիճակում կյանքը անօթևան մնացած մարդկանց պարտադրի բախտ որոնել հայրենի երկրամասից դուրս։

Հադրութում ևս նույն վիճակն է, միայն այն տարբերությամբ, որ այստեղ շրջկենտրոնը հիմնականում գնդակոծվում է դեռևս անցյալ տարվա գարնանը հայկական եղած գյուղերից։ 1923 թ. արդեն ձևված սահմանները 1991-ին այնպես վերաձևվեցին, որ մնացած տեղային աշխարհաքաղաքական կետերն էլ անցան հակառակորդի հսկողության ներքո։

Չնայած պարբերական գնդակոծումներին՝ Հադրութում ևս կյանքը շարունակվում է։ Վերջերս գործարկվել էր մի ջրաղաց, և այն փրկություն է դարձել շրջակա գյուղերի համար. վառելիք հարկավոր չէ։ Առայժմ նրա հզորությունը օրական 400կգ է, սակայն ջրաղացի տերը, ցանկանալով թեթևացնել ժողովրդի հոգսերը, ձգտում է այն հասցնել 800-ի և, օգտագործելով ջրի հզորությունը, սկսել է պատրաստել մի փոքրիկ էլեկտրակայան, որը հնարավորություն կտա էլեկտրականությամբ ապահովել տեղի հիվանդանոցը։

Մինչ ջրաղացի տերը ոգևորված ցույց էր տալիս իր կատարած աշխատանքը ու պատմում անելիքների մասին, հավաքված գյուղացիներն արդեն աղացված իրենց աղքատիկ ցորենից բուռ-բուռ հավաքեցին, որպեսզի ջրաղացին կից թոնրում բաղարջ պատրաստեն, ինչպես իրենք էին ասում, «հայաստանցի հյուրի» համար։

Նայելով նրանց՝ մտածում ես, թե որքան մեծ ու հյուրընկալ է մեր ժողովրդի սիրտը, որ չի քարանում անգամ այս պայմաններում։ Երբ արդեն պատրաստ էր բաղարջը, մինչ այն կիսելը բաժակ բարձրացրին ազգային-ազատագրական այս պայքարում զոհվածների հոգու խաղաղության և վիրավորների ապաքինման համար։ Իսկ Հադրութում վերքերը շատ են՝ փլված տներ, տեղահան ժողովուրդ ու նրա գլխավերևում աստիճանաբար մարմնավորվող սովի ուրվական։ Ժողովուրդը ճարահատյալ վաճառում է ամենանվիրական