Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծ տրամաչափի գնդացիրը, որից տեղացող կրակը հարձակվողներին վերադարձրեց իրենց դիրքերը։ Օգնության եկած տղաների հետ գիշերը հասանք Դրախտիկ։ Զինվորի իրենց գործը այդ օրը նրանք արդեն կատարել էին և հաջորդ օրը դառնալու էին հողագործներ, այսինքն՝ թիկունք, որպեսզի մյուս օրը վերստին ճակատի գիծը պահող դառնան ու սպասեն թիկունքի օգնությանը։ Եվ այսպես ամեն օր։

Առավել անհանգիստ էր շրջկենտրոնում, ուր իրենց դիրքերից բացի պատասխանատվություն են կրում նաև ողջ շրջանի համար։ Հակառակորդի վերահսկողության ներքո գտնվող Բանազուրից հարձակում էր սպասվում Ցոր գյուղի վրա, և ինքնապաշտպանության ջոկատի մարտիկների հետ մի զրահամեքենայով հասնում ենք գյուղ։ Այստեղ ևս մի քանի ժամ տևած փոխհրաձգությունից հետո թշնամին խաղաղվում է։ Առավոտյան բացվում է լույսը, ու սրտի ցավով ես նայում ընդամենը երկու տարի առաջ վերածնված այս գյուղին, որը հետո նախ ենթարկվեց տեղահանության ալիքին, ապա կրակի գոտում գտնվելու պատճառով վերստին չբնավորվեց ու հիմա լոկ իբրև դիրք է ծառայում։

Հայկական հինավուրց այս գյուղի դպրոցը, համաձայն ավանդության, արցախյան իր առաքելության ընթացքում հիմնադրել է Մեսրոպ Մաշտոցը, և երբ տարիներով փակ դպրոցը երեք տարի առաջ վերաբացվեց, այն անվանվեց հայոց մեծ ուսուցչապետի անունով։ Հիմա վերստին ամայի է այն։ Դասարանների նստարանների լքվածության փոշուն գումարվել են և ռմբակոծություններից ներս թափված մետաղյա բեկորները։ Նույն վիճակն է ողջ գյուղում։

Բայց հողը գարնանային իր կենդանարար զորությամբ ձգում է մարդկանց, ու գյուղի ներքին կողմում գտնվող դաշտերը սկսել են մշակել հարևան Վանք գյուղում ապաստանած ցորեցիները։

...Ծանր ու ճնշող տպավորություններով վերստին բռնում ենք Ստեփանակերտի ճանապարհը, որտեղից արդեն առաջին լուրերն են գալիս Մարաղայի ողբերգության մասին։

ԵՐԿԻՐ, 1992 թ., 16-ը ապրիլի, թիվ 70