Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՇՐՋԱԴԱՐՁ


Տապա՞րն է ջախջախ դռանըս կուրծքին.
- Ջարդն է, դուռըդ բա՛ց...


Ներքին մի կանխատեսությամբ Հայաստանի պատկերը ջարդով է ներկայացնում Ռուբեն Սևակը 1909 թ. գրված «Հայաստան» բանաստեղծությունում։


Դժվար է գտնել ուրիշ մի ժողովուրդ, որի կյանքի մասը դեռևս 1915 թվականից առաջ դարձած լիներ «ջարդ» հասկացությունը՝ վերածվելով թե՛ ժամանակ և թե՛ աշխարհագրական որևէ վայր ցույց տվող բառի՝ «ջարդի տարի», «ջարդի ձոր» և այսպես շարունակ։

Ջարդը՝ որպես հավաքական մի հասկացություն, դարձել էր անգամ գրական կերպար ու պատկեր։ Տարբեր ժողովուրդների գրականությունում ու արվեստում սարսռազդու ձևով եթե հանդես են գալիս գերանդիավոր մահը, ժանտախտը և սովը, ապա հայ կյանքում նման մի կերպարի էր վերածվել հենց ջարդը։

Նույն այս պատճառով եթե ուրիշ ժողովուրդներ ու երկրներ որևէ քայլ ձեռնարկելիս մտահոգվում էին հնարավոր քաղաքական անհաջողության կամ ռազմական պարտության համար, ապա մեր ազգային գիտակցությունում այն արտահայտվում էր «Հանկարծ մի նոր ջարդ չլինի» գրեթե բնազդական դարձած վախով։

Ջարդի հոգեբանությունը ձևավորել էր զոհի կերպարը՝ զենքը թողնելով մեր հարևաններին, իսկ մեզ վերապահելով աշխատանքի գործիքները՝ ստեղծելով հայ հողագործի գութանա-արորային մշակույթը՝ աշխատանքի երգերով։