Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարձակումներից պաշտպանվել է ժողովուրդը, իսկ տղամարդիկ շարունակել են կռվել, և երեք ուղղությամբ ծավալված գրոհը ետ է մղվել։ Հետագայում ևս կրկնվեցին նման գրոհները, պահեր եղան, երբ համարյա ամայացավ գյուղը, սակայն տեր Հովհաննեսը միշտ այնտեղ էր՝ Գանձասարի կամարների ներքո։ Ինչպես ինքն է ասում, այդ ծանր պահերին իր կյանքից առավել իրեն մտահոգել է այստեղ եղող նվիրական շիրիմների ճակատագիրը, որ թշնամին հանկարծ չկոխկռտի դրանք՝ տրորելով այստեղ ամփոփված Աղվանից կաթողիկոսների՝ մեր եկեղեցու մեծ հայրերի և մասնավորապես հայոց պատմության նոր շրջանի ազգային ազատագրական պայքարի ջահակիր Եսայի Հասան-Ջալալյանի երազը՝ Արցախը միավորված տեսնել ռուսական մեծ պետության հետ։ Գտնում է, որ պարտության դեպքում մենք ինքնարդարացումի ոչ մի խոսք չենք կարող գտնել յոթից ավելի դարեր կանգուն տաճարի առջև և որ յուրաքանչյուր ճշմարիտ քահանա իրավունք չունի թողնելու իրեն վիճակված վանքն ու եկեղեցին, այլ նահատակվելու է նրանց մուտքի կամ բեմի առջև, որովհետև խոսքը գործ է դառնում թափվող արյամբ։

Մարտակերտի շրջանի մի զգալի մասի անկումից հետո ռազմաճակատի գիծն այժմ անցնում է Վանքից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմով՝ Առաջաձորի ենթաշրջանի բոլոր գյուղերը դարձնելով ռմբակոծության ենթարկվող ճակատային գիծ։ Բնակչությունը տեղաբաշխված է առավել ապահով վայրերում, իսկ բնակավայրերում մնացել են միայն զենք վերցրած իրենց ծննդավայրի պաշտպանները։ Ծանր է շրջել դեռևս մի քանի ամիս առաջ ծաղկուն ու շեն այս գյուղում։ Ամայի է նաև Վանքից դեպի Գանձասար ձգվող այս ճանապարհը։ Արցախյան շարժումից հետո, երբ վերաբացվեց Գանձասարը, կիրակնօրյա պատարագներին այստեղ էին հավաքվում Արցախ աշխարհի բոլոր կողմերից։ Հիմա գրեթե դատարկ է վեր բերող ճանապարհը, սակայն յուրաքանչյուր կիրակի տեր Հովհաննեսը հագնում է պատարագիչ քահանայի հանդերձները։ Ինչպես ինքն է ասում. «Անկախ ժողովրդի