Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրենց համար նախատեսված ավտոբուսով գնում Վերի Շեն՝ այնտեղ անցկացնելու իրենց պարապմունքները, ու երեկոյան վերադառնում էին։ Ինչպես Երևանում մայրերը երեխաներին ասում են, թե դպրոց գնալիս փողոցը զգույշ անցեք, այնպես էլ այստեղ ասում են, թե՝ փողոցը անցնելիս ուշադիր կլինես և պայթյունի ձայնը լսելով՝ կպառկես, որ բեկորը չհարվածի։

Հետո մարտական գործողություններն ավելի ընդլայնվեցին. Շուշիից սկսեցին հարվածել Ստեփանակերտին, հարևան ադրբեջանական շրջաններից էլ՝ Արցախի սահմանային բնակավայրերին, ու նորաստեղծ հանրապետության մայրաքաղաքում, կրակի տակ գտնվող շրջկենտրոններում և տարբեր գյուղերում փակվեցին դպրոցները։

Կյանքի ապահովությունից բացի, երկրորդ կարևոր հանգամանքը պարապմունքների դադարեցումն էր, որ բնակչությանը պարտադրեց Ստեփանակերտից ու շրջկենտրոնից դիմել առավել ապահով գյուղերը, ուր գործում էին դպրոցները, որովհետև արցախցին չէր պատկերացնում, թե երեխան ինչպես կարող է դասի չգնալ, անգամ, եթե նույնիսկ պատերազմ է կամ էլ ցուրտ ձմեռ։ Նման անօրինակ մաքառման պայմաններում անցավ ուսումնական տարին։

Շուշիի ազատագրումից հետո մի պահ թվում էր, թե արցախահայությունը գոնե հիմա շունչ կքաշի, կսկսի ապրել բնականոն կյանքով, սակայն կարճ ժամանակ անց գրվեցին արցախյան ողբերգության նոր էջերը։ Ադրբեջանական բանակի մեծածավալ հարձակումներից ընկան Շահումյանը, Մարտակերտի մի զգալի մասը, ու հարյուրավոր երեխաներ, իրենց լեռների և ծննդավայրերի կարոտը սրտներում, ապաստանեցին Ստեփանակերտում, ուր հիմա իրենց տարեկիցների հետ դասերն անցնում են մի յուրահատուկ պատերազմական ծրագրով։

Օդային ռմբակոծությունները և հեռահար հրետանին, փաստորեն, ջնջել են ճակատային և թիկունքային գյուղ հասկացությունները, և գրեթե ամենուր հիմա անցնում են այն ծրագրով, որը պայմանականորեն կարելի է անվանել «ռազմաճակատային մեթոդիկա»,