Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե կանայք ըմբռնումով են մոտենում զորանոցային կյանքին ու մեր տուն չգալուն։

Հադրութի շրջանը առանձնանում է ոչ միայն արտաքին վտանգին հակազդելու իր կարողությամբ, այլև ներքին կյանքի կազմակերպմամբ։ Չնայած ընթացող պատերազմին՝ գործում են շրջանի գրեթե բոլոր դպրոցները։ Դեռևս չազատագրված կամ պարբերական հրետակոծության գոտում գտնվող գյուղերի դպրոցներն էլ տեղաբաշխված են համեմատաբար ապահով բնակավայրերում։ Ձմռան այս ցրտերին հրետակոծության վտանգին գումարվել է նաև ջեռուցման խնդիրը։ Բնակչության ուժերով դասասենյակների համար վառարաններ են պատրաստվել, փայտ հասցնելն էլ հոգում են տեղի տնտեսությունները, եթե հնարավորություն ունեն, իսկ մնացյալ վայրերում՝ ծնողները։ Տեսնել է պետք, թե ինչպես առավոտյան երեխաները դպրոց են գնում մի ձեռքին պայուսակը, մյուսին՝ մի քանի կտոր փայտ։ Շրջանի ժողկրթբաժվար Աբրահամյանի վկայությամբ՝ հակաօդային պաշտպանության կայուն համակարգի ստեղծումից հետո դպրոցական կյանքի այս կազմակերպումն էր թերևս երկրորդ կարևորագույն գործոնը, որը հանրապետության տարբեր շրջաններից ժողովրդին հայրենի բնակավայրերը վերադարձրեց։

Պատերազմով է չափվում այսօր կյանքի յուրաքանչյուր ոլորտ, այդ թվում և տնտեսությունը։ Հադրութը գերազանցապես գյուղատնտեսական շրջան է, ինչը լրացուցիչ բարդություններ է ստեղծում։ Ընթացող պատերազմը կրճատել է օգտագործվող հողատարածությունները, որոնք կամ հակառակորդի նշանառու կրակի տակ են, կամ էլ դեռևս չեն ազատագրվել 1990 թ. մայիսյան տեղահանության ալիքից հետո։ Ժողովուրդը և տնտեսությունների ղեկավարները, սակայն, անգամ այս պայմաններում հնարավոր առավելագույնն են անում գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար։ Ցանքսերի կրճատումը պարտադրում է վերանայել ցորենին և խաղողին հատկացվող հողատարածությունները։ Հացահատիկը այսօր ինքնաբավ կենսապահովման կարևորագույն պայմանն է, իսկ խաղողագործությունը՝ տնտեսությունների եկամտի