Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլխավոր աղբյուրը։ Եվ որպեսզի հնարավոր լինի թե՛ ժողովրդին ցորենով ապահովել, և թե՛ գյուղի կարիքները հոգալու համար պահպանել տնտեսությունների եկամուտները, ցորենը ցանում են ամեն տեղ, ուր կաճի, անգամ լեռների արևահայաց լանջերին, իսկ առավել աշխատատար և որոշակի միջավայր պահանջող խաղողն աճեցնում են դաշտային հատվածներում։ Այստեղ ևս վերջին տարիներին խիստ կրճատվել է անասնագլխաքանակը՝ կերի պակասի և ժամանակին ադրբեջանական ՕՄՕՆ-ի կատարած անպատիժ հափշտակումների պատճառով։

Ընդհանրապես Հադրութի շրջանը կարելի է համարել պատերազմական օղակում գտնվող և արտաքին աշխարհի հետ տնտեսական գրեթե բոլոր կապերը խզած ներփակ վարչական այն մեկ նվազագույն միավորը, որը հիմնականում ապավինում է իր ներքին ռեսուրսներին և հումքային բազային։ Այս ամենի համար շրջանը մեծապես պարտական է Իգոր Մուրադյանին։ Նրա գլխավորած «Թևան» հայրենակցական-բարեգործական միության ջանքերով շրջանի Մեծ Թաղլար գյուղում բացվել է գորգագործական արհեստանոց, իսկ շրջկենտրոնում՝ գործվածքային արտադրամաս։ Բերված սարքավորումների շնորհիվ արցախյան ավանդական վարպետությանը գումարվել է ժամանակակից սարքավորումների արտադրողականությունը. մի նոր կենդանություն ու փայլ են ստացել Արցախի հինավուրց նախշերը։

Դազգահների վրա գործվող գորգերը դրսում են վաճառվում և մեծ պահանջարկ ունեն, իսկ գործվածքային արտադրամասի արտադրանքը՝ տարբեր գործվածքներ, արդեն իրացվում է ներքին շուկայում և վաճառվում է միայն ինքնարժեքով. միությունը եկամուտ չի ակնկալում, այլ հոգում է բնակչության կարիքները։ Ապրանքափոխանակմամբ արտահանվող գորգերի դիմաց ներմուծվում են առաջին անհրաժեշտության ապրանքներ։

Թե՛ հիշյալ դազգահները և թե՛ գործելու մեքենաները տեղադրված են տներում։ Բնականոն կյանքի դեպքում սովորաբար այդպես են վարվում, որպեսզի մայրերը թե՛ աշխատեն և թե՛ երեխաներին խնամեն։ Պատերազմի պայմաններում ավելանում է ևս