Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետքերը, որոնց վերջին արձագանքն են նրանց շրջակայքի օրնիբուն շարունակվող ականազերծման աշխատանքները։

Մարտակերտի ազատագրումը վերադարձի ալիք բարձրացրեց նաև Մաղավուզում։ Այս գյուղն իր հարստությամբ գրեթե չի զիջում շրջանի դաշտային գոտու բնակավայրերին։ Հիմա ականազերծված ճանապարհով կյանքը հոսում է դեպի գյուղ, շուտով այստեղ կհասնի էլեկտրականությունը և կձգվի՝ լույսով լցնելու նաև շրջկենտրոնը։ Հուրախություն բնակիչների, գրեթե անվնաս է մնացել գյուղի դպրոցը, որը հակառակորդը վերածել էր զորանոցի։ Առանց շինարարական մեծածավալ աշխատանքների այն, կարգի բերելուց և ախտահանման ենթարկելուց հետո, սեպտեմբերի 1-ին իր դռները կբացի աշակերտների առջև։ Մաղավուզով գնացող ճանապարհը տանում է իրենց գեղեցկությամբ և հարստությամբ հռչակված ենթաշրջանի գյուղերը։ Այստեղ պատերազմը արձագանքվում է հեռվում պայթող արկերի որոտով և ճակատից շարունակ լուրերի սպասող մարդկանց հոգնած հայացքներով։

Շատերն էին հավատում, որ Հաթերքը վերստին կկենդանանա, բայց որ գյուղի անկումից մեկ տարի և ազատագրվելուց չորս ամիս հետո բնակչությունը կանցնի երկու հազարից՝ թերևս դժվար էր պատկերացնել։

Անցյալ տարվա բռնագաղթը մեկ անգամ ևս ցույց տվեց մեր ժողովրդի երկու՝ իրարից բխող զարմանալի հատկանիշները. գաղթելիս երեխաների փրկությունից հետո մտածել նրանց ուսման մասին, իսկ տնավորվելիս էլ առաջինը մտահոգվել դպրոցով։ Այս պատճառով էլ բնակավայրերը թողնելիս գրեթե բոլոր ընտանիքներում էլ տնային անհրաժեշտ իրերից և սննդից առաջ վերցրել էին դասագրքերով ու տետրերով լեցուն պայուսակները։ Հիմա էլ վերադարձից հետո առաջին հոգսը դարձել է դպրոցի շենքը կարգի բերելը։

Ազատագրվող գյուղերում վերականգնման աշխատանքները աշխուժացնելու համար յուրաքանչյուր բնակավայրի կցվել է Հայաստանի շինարարական մեկ տրեստ, որի խնդիրն է վերանորոգել