Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղի կենսագործունեության համար անհրաժեշտ կարևորագույն կետերը։

Դպրոցի վիճակը համեմատաբար բարվոք է, որովհետև այստեղ ևս հակառակորդը այն զորանոցի էր վերածել։ Թե դպրոցը ինչ կարևորություն ունի գյուղերը վերակենդանացնելու գործում՝ վկայում է հետևյալ փաստը։ Ապրիլին, երբ հետ էին դառնում առաջին բնակիչները, նրանց ուժերով մի քանի դասարան կարգի բերվեց, ու մայիսի երեքին նորից հնչեց զանգը։ Այդ օրը դպրոց եկան քառասուներկու աշակերտ։ Երբ Ստեփանակերտ ու Երևան հայտնեցին, թե դպրոցն արդեն գործում է, մեկ շաբաթ չանցած՝ գյուղում աշակերտների թիվը հասավ ութսունհինգի։ Օրերս ավարտվեց ուսումնական տարին, այստեղ սովորողների թիվը հասել էր հարյուր տասներկուսի։

Արդարև մեծ հավատ էր հարկավոր՝ մտածելու, թե արդեն հակառակորդի թիկունքի վերածված Հաթերքում կգա այն օրը, երբ վերստին հայոց լեզվի ավարտական քննություններ կհանձնեն։

Այս թելադրությունները, թերևս, աշխարհում գրված ամենադժվար գրավորներից են. նախորդել են գաղթի ճանապարհները, խրամատային օրերը, հակահարձակումները, մինչև ազատագրված գյուղի և դպրոցի նորից գրվող պատմության հետ սկսել են գրվել նաև այս գրավորները։

Դպրոցին զուգահեռ, չարենցավանցիների ջանքերով արդեն ավարտվում է նաև գյուղի խանութի նորոգումը։ Հիվանդանոցի շենքը հակառակորդը հիմնահատակ քանդել և հետո էլ այրել է առանձնահատուկ չարությամբ՝ երևի մտածելով, որ այստեղ բուժել են նաև իրենց դեմ հանուն Արցախ աշխարհի պաշտպանության մարտնչող հայ ազատամարտիկներին, և հիմա համեմատաբար քիչ վնասված մանկապարտեզի մասնաշենքերից մեկը, ներքին հարդարումից և համապատասխան փոփոխություններից հետո, նախատեսված է դարձնել հիվանդանոց։ Այն կսպասարկի նաև ենթաշրջանի մյուս գյուղերին։

Շարժման սկզբում Հաթերքի հին շիրմատնից մի խաչքար և տապանաքար էին բերել և իրար ագուցելով կանգնեցրել գյուղամիջում: