Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղանդները ներշնչում են, թե այս աշխարհում անվերապահորեն պետք է կատարել Եհովա Աստծո կամքը, քրիստոնեական աղանդները վաղանցիկ ու ունայն են համարում երկրային կյանքը՝ կարևորելով սոսկ պատրաստությունը երկնային արքայությանը, իսկ կրիշնայականները երկիրը, բնականաբար և հայրենիքը, ներառում են տիեզերական անհունության մեջ։ Այս ուսմունքները հիմնականում խարսխված են տարրական մասնիկներից մինչև համաստեղությունները եղած ներդաշնակության տեսության վրա՝ ընդհանուր այս համակարգում տարրալուծելով մարդկային միտքն ու մարմինը. սա է պատճառը, որ հիմնական հետևորդները ֆիզիկոսներն են և ընդհանրապես բնական գիտությունների ներկայացուցիչները։ Ու դարձյալ միևնույն տխուր զուգահեռն է գծվում, առաջին դեպքում կույր վախ ու հնազանդություն Եհովայի հանդեպ, շնորհիվ որի ժողովրդի մի ստվար հատվածը համայնքի զորանալուն զուգընթաց կանջատվի ընդհանուր ազգային հյուսվածքից և կծառայի Եհովայի երկրային վկաների ծրագրերին... Այնուհետև՝ ազգային ոգու սպանում և հայրենիքի զավակների՝ աշխարհաքաղաքացիների վերածում և վերջապես, երրորդ դեպքում էլ ազգային ոգու սպանությունից ոչ պակաս վտանգավոր՝ գիտական մտքի հաշմում և ամլացում, երբ վաղը Հայաստանին ծառայող մտավոր ներուժի փոխարեն կձևավորվի տիեզերական անհունությունում բույսերից մինչև կենդանական աշխարհը մարդկային փոխակերպումների հավաստումը որոնող հիվանդագին ուրվականներ հիշեցնող մարդկանց մի բազմություն, որոնք այնինչ պետք է դառնային ստեղծագործ մտքի կրողները։

Լևոնն Շանթը, Նիկոլ Աղբալյանը և մեր մշակույթի մյուս մեծերը շարունակ շեշտել են այն իրողությունը, որ եթե Հայաստանը IV դարում քրիստոնեացավ, ապա V դարում էլ քրիստոնեությունը հայացավ։ Տարբեր աղանդներ, սակայն, այսօր փորձում են անբարո մի հակադրություն ստեղծել Ավետարանի և Հայ եկեղեցու միջև՝ վերջինիս մերժմամբ ձգտելով քրիստոնեությունից հանել իրենց հանգիստ չտվող հայկականը՝ մեր ժողովրդին վերածելով