Մարտերի ժամանակ նրանք ընթանում են տանկերի առջևից, իսկ խաղաղության պահերին էլ նախ իրենք են դաշտերը «հերկում»՝ հանելով թշնամու նետած մահվան սերմերը, որ վերստին կյանքը վերընձյուղվի հայրենի հողում։ Հակառորդը ջանադիր մի «հոգածությամբ» մտածել է թե՛ մարդկանց և թե՛ տեխնիկայի մասին՝ նահանջելիս իր ճանապարհը մեկընդմիշտ պատելով հակահետևակային ու հակատանկային ականներով։ Մարտակերտի գնդի սակրավորների վաշտի հրամանատար Վոլոդյա Ավանեսյանը պատմում է, թե միայն Չլդրան-Կիչան հատվածում, ուր մի քանի ամիս շարունակ ձգվում էր ռազմաճակատի գիծը, իրենք հանել են մոտ ութսուն հակահետևակային, իսկ ճանապարհների խաչմերուկում ընկած Դրմբոնից՝ տասներեք հակատանկային և երեսուներեք հակահետևակային ականներ։ Մեր սակրավորների անձնուրաց ջանքերի շնորհիվ այս ամենի մեծագույն մասը համալրել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի զինանոցը, իսկ որոնք հանելը վտանգավոր է եղել, պայթեցնելով են վնասազերծել։ Ինչպես շատ զինատեսակների ձեռք բերման, այնպես էլ կատարվող այս աշխատանքի համար «պարտական» են հակառակորդին, որից դեռևս մեկ տարի առաջ ձեռք բերած ռազմավարում եղել են նաև ժամանակակից ամենաարդիական արտադրության մի քանի ականորսիչներ։
Պատերազմում բախտդ ժպտում է ոչ միայն այն ժամանակ, երբ գնդակը կողքովդ է անցնում, այլև երբ ականի կողքին ես կանգնում և ոչ թե վրան։ Հաճախ սակրավորները ականները հանել են առաջ շարժվելիս մի պահ կանգնած զրահատեխնիկայի հենց թրթուրների կամ մեքենաների անիվների տակից։ Դժբախտաբար, երբեմն դարանակալ մահվան այդ օջախները թաքնված են մնում, և մինչև մանրակրկիտ մեկ այլ քննությունը, ժամանակավոր նոր ճանապարհներ են գցվում՝ հները երկու կողմից փակելով «Զգույշ, ականապատված տարածք է» ամեն ինչ ասող տառերով։ Այդ տարածքում դանդաղորեն առաջ են շարժվում սակրավորները և ետ դառնալով բերում ու իրար կողքի շարում իրենց ավարը, որ հետո «նվիրեն» շաղ տվողներին։