Նախորդ ամիսներին արդեն շրջանառության մեջ էին մտել լուման և մետաղե դրամները։ Նոր եկողներից դրանք վերցնում և պահում էինք՝ որպես հուշանշան և մի վկայություն, թե, այնուամենայնիվ, այս դիրքերից դուրս կյանքը շարունակվում է։ Դրանք հատկապես գրավում էին իրենց երեսին դրոշմված հանրապետության զինանշանով։ Դիրքերում այս մետաղադրամները հարգի էին ցանկացած տարադրամից, և շատերը հպարտանում էին, թե ունեն ողջ շարքը՝ տասը լումայից մինչև տասը դրամ։ Մատաղիսում նրանք իրենց այս լումաները նվիրեցին եկեղեցուն։ Մերձճակատային թոհուբոհում եկեղեցու բեմի խորհրդարանը՝ քարե պահարանը, դարձավ զինվորների ընծայարանը, և իրար վրա կուտակված լումաներին գումարվեցին նաև այլազան առարկաներ, որոնք կենսականորեն ամենից ավելի են անհրաժեշտ զինվորին։ Նրանք ներքին անկեղծ մղումով այդ ամենը ընծայեցին եկեղեցուն, անկախ նրանից՝ դրանք ծիսական կամ խորհրդական որևէ նշանակություն ունեի՞ն, թե՞ ոչ։
Ռազմական կենցաղին և հոգեբանությանը ծանոթ լինելիս սիրտդ հուզմունքով է լցվում ջերմեռանդ հավատից ծնված այն նվիրումից, որով ամբողջ օրը դիրքերի փոշին և ցեխը կրող զինվորը օճառի միակ կտորը դնում է բեմի այս խորհրդարանի անկյունում։ Խրամատներում, ուր առաջին կպցված ծխախոտի կրակը դիրքից դիրք է փոխանցվում իրարից վառվող ծխախոտների միջոցով և լուցկու հատիկը ոսկու գին ունի, իսկապես անկեղծ մեծ հավատ է հարկավոր՝ մի տուփ լուցկի և անգամ տնից ստացված կրակվառիչը թողնել, որ բերված մոմը կամ նրա տեղ ծառայող թուղթը եկեղեցու մեջ եղող կրակով վառեն։ Ակամա մի թաշկինակ, վարագույր, քշոց և կամ որևէ առարկա՝ ըստ իր կարողության ընծայելու մասին նվիրատվական արձանագրություններն ես հիշում զինական միջավայրից բերված և երկյուղածությամբ այստեղ դրված այս և համանման մյուս իրերը տեսնելիս։ Եկեղեցու բոլոր անկյուններում էլ դրված էին արդեն ծաղկած և հասուն կարմրությամբ լցվող նռներ, և կենդանությամբ լցվող եկեղեցին ասես ծաղկել էր, ինչպես խաչափայտը Գողգոթայում Տիրոջ Հարությունից