Հայկական բանակի առաջին նվիրյալ ռահվիրաներից էր Ջիվան Զավենի Աբրահամյանը։ 1988 թ. փետրվարյան փոթորկալից և ոգեշունչ օրերին իսկ նա արդեն գիտակցեց, որ Արցախյան շարժումն անխուսափելիորեն հանգելու է զինական պայքարի։ Երկու տարի Աֆղանստանում ծառայած և մարտերում ցուցաբերած խիզախության համար «Արիության մեդալով» պարգևատրված Ջիվանը շատ լավ գիտեր, թե ինչ է պատերազմը, բայց նաև գիտեր, որ հայ ժողովրդի համար այնքան ճակատագրական ու վճռորոշ այս ժամանակահատվածում Հայաստանի և Արցախի վտանգված սահմանները առաջին հերթին իր նման հարուստ փորձ ու իմացություն ունեցող պաշտպանների կարիքն ունեն, և զինվորագրվեց նորանկախ հանրապետության նորակազմ հատուկ գնդին՝ դառնալով նրա առաջին զինվորներից մեկը։
Խորհրդայինից դեպի հայկական կանոնավոր բանակ անցումային այս շրջանում, ինչպես Աֆղանստանում, այնպես էլ այստեղ, նույնն էին ռազմական տեխնիկան ու հանդերձանքը, սակայն մեկ այլ առաքելություն էր վիճակված դրանք կրողներին, այդ թվում և՝ Ջիվանին։ Ինչը ռազմատեխնիկական առումով կրկնություն էր իր համար, նորություն էր հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվածներից շատերի համար։ Անասելի դժվարությամբ ձեռք բերված զինտեխնիկայի տարբեր տեսակների արկղերը բացելիս, հավաքելիս,