Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի որ քաղաքական զարգացումների ընթացքը վկայում էր, որ շուտով սկսվելու է շրջանը գյուղ առ գյուղ հայաթափելու ծրագրված գործողությունը։ Նախ խորհրդային քարոզչության տարբեր միջոցներով հայտարարվեց, թե Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ գյուղերում վաղուց արդեն խաղաղ բնակչություն չկա, մնում են միայն հայ գրոհայինները։ Այնուհետև շրջանի բնակչությանը տեղեկացվեց, թե անձնագրերի ստուգման համար այս երեք գյուղերը պետք է մտնի ադրբեջանական ՕՄՕՆ-ը։ Բերդաձորի և Հադրութի շրջանի՝ ընդամենը մի քանի ամիս առաջ տեղահանված գյուղերի օրինակով արդեն պարզ էր, թե ինչ է նշանակում նման ստուգումը։

Հուլիսի 24-ի առավոտյան Բուզլուխի, Մանաշիդի և Էրքեջի բնակիչները թողեցին իրենց գյուղերը։ Կեսօրին խորհրդային բանակի աջակցությամբ ադրբեջանական ՕՄՕՆ-ը մտավ Բուզլուխ և Մանաշիդ, ծաղրուծանակի ենթարկեց այնտեղ մնացած հիվանդներին ու ծերերին։ Բուզլուխում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավաքեցին և անհարգալից հարցաքննության ու խուզարկությունների ենթարկեցին հենց զոհերի հուշարձանի առջև։ Այս ամենն առանց հեռադիտակի էլ պարզորոշ երևում էր Բուզլուխի վերջին տների մոտից վեր տարածվող անտառախիտ լեռնալանջից։ Այս ամենը տեսնում էին Ջիվանը և նրա հետ լեռնաշխարհ կամավորաբար եկած հատուկ գնդի մյուս մարտիկները։

Չնայած ուժերի անհամեմատելի գերակշռությանը՝ ՕՄՕՆ-ը չհամարձակվեց Էրքեջ մտնել, որովհետև վախենում էր Բուզլուխի և Մանաշիդի անտառապատ փեշերից սպասվող հնարավոր հարվածներից։ Թիկունքը ապահովելու համար նրանք մինչև երեկո շուտափույթ պահակակետեր դրեցին Էրքեջ մտնող ճանապարհներին։ Տանջալիորեն երկար ձգվող ու ողբերգականությամբ լեցուն այդ օրվա երկրորդ կեսին արդեն ակնհայտ էր, որ հաջորդ առավոտյան հակառակորդը մտնելու է նաև Էրքեջ։ Տևական քննարկումից հետո որոշվեց թույլ չտալ գյուղն անպատիժ գրավել։

Նման որոշումը պատճառաբանվում էր մի քանի նկատառումներով։ Նախ, որ Էրքեջն անհամեմատ ավելի շատ բնակչություն ուներ, ինչպես նաև առավել մոտ էր շրջանի մյուս հայկական գյուղերին։ Այլ