խոսքով՝ նրա անկումը մեծ սպառնալիք էր ստեղծում, և վերջապես՝ ռազմավարական հիմնավորումներից բացի, կար նաև բարոյահոգեբանական մեկ կարևոր գործոն, որը մատնանշում էին Ջիվանն ու ընկերները։ Նրանք գտնում էին, որ անկախ ուժերի անհավասարությունից և գյուղը պաշտպանելու իրական հնարավորությունից՝ հարկավոր է մեկ կետում մարտի բռնվել հակառակորդի հետ, ցույց տալ, որ նա չի կարող անպատիժ առաջանալ մեր հայրենիքում։
Եվ երբ իջնող երեկոյի հետ նվազեց տեղահանված գյուղերից Վերի Շեն եկողների հոսքը, դեպ Էրքեջ սկսեցին շարժվել ինքնապաշտպանության ջոկատները՝ միանալու համար այնտեղ գտնվող Ջիվանի վաշտին և «Տիգրան Մեծ» կամավորական զորաջոկատին։ Շուտով գյուղը երիզող տները վերածվեցին պաշտպանական դիրքերի, որից մի քանի հարյուր մետր այն կողմ կանգնած էին խորհրդային բանակի զրահամեքենաները։ Լարված սպասման մեջ անցավ ողջ գիշերը, որևէ կրակոցով լռությունը չխախտվեց։ Դիմացի զինվորական պահակակետերից լսվում էին միայն խոսակցությունների առանձին բեկորներ, և կայծկլտում էին զինվորների վառած ծխախոտները։ Առավոտյան ժամերը ևս հանդարտ անցան։ Մի պահ անգամ թվաց, թե հիշյալ երկու գյուղերի հայաթափումից հետո բանակը դիրքավորման իր այս կետերով նոր սահմանագիծ է ստեղծել։ Նախորդ օրը շուտափույթ հեռացած գյուղացիների մեծ մասը ևս ետ վերադարձավ տանը մնացած առավել արժեքավոր իրերը տանելու համար։
Թվում էր, թե նման խաղաղ ձևով, դեմ հանդիման գտնվող ներքին լարվածությամբ կանցնի նաև այդ օրը։ Կեսօրին, սակայն, մի քանի զրահամեքենաներից բացված համաժամանակյա կրակի աջակցությամբ դեպի դիրքերի վերածված գյուղավերջի տներն սկսեցին առաջանալ օմօնականները։ Տանկային մեծ տրամաչափի գնդացիրների այրող բեկորային փամփուշտների կրակին շուտով գումարվեցին նաև արկերը։ Նախ փշրվեցին ապակիները, ապա փլվեցին պատշգամբները և «նստեցին» տանիքներն, ու փլատակներից ելնող հրդեհի բոցին գումարվեց ֆուգասային արկերի խեղդող ծուխը։