Ի տարբերություն Ջիվանի և աֆղանական դպրոցն անցած էլի մի քանի մարտիկների՝ մյուսները մի պահ ընկրկեցին, սակայն շուտով Ջիվանի վճռական և գրագետ գործողությունների շնորհիվ վերագտան իրենց։ Դիրքից դիրք և զինվորից զինվոր անցնելով՝ նա ոչ միայն ղեկավարում ու համակարգում էր մարտը, այլև հընթացս սովորեցնում քիչ փորձ ունեցողներին։ Ընդմիջվող կրակահերթերի կարճատև լռության մեջ հնչում էր Ջիվանի հատու ձայնը և հրահանգ-հրամանները։ Տեղացող կրակից փլատակների վերածվեցին նաև գյուղական տներին կից շինությունները։ Ռազմագիտական ակնթարթային և ճշգրիտ կողմնորոշմամբ՝ Ջիվանը դրանք դարձրեց պաշտպանական կրակակետեր՝ փլված ու այրվող տների նկուղների և տանիքների փոխարեն։
Թե՛ ժողովրդի նախորդ օրերի գաղթը և թե՛ այդ օրվա մարտը զարմանալի արիությամբ տեսախցիկով մանրամասն նկարահանեց մեր ժողովրդին այնքան քաջածանոթ և հարազատացած լրագրող Ցվետանա Պասկալևան։ Մարտի առաջին րոպեներին Ջիվանը հասցրեց անգամ մի քանի խորհուրդներ տալ Պասկալևային, թե ինչպես առավել արդյունավետ կերպով «որսա» կրակոցներն ու պայթյունները՝ մտքով հաշվելով, թե դիմացից երևացող ծուխը, որը ազդարարում էր հերթական արկի սլանալը, քանի վայրկյանից և որտեղ կընկնի։ Տեսախցիկը պիտի հասցներ նկարահանել բուն պայթյունի պահը։
Նման կազմակերպված դիմադրությունը խուճապի մատնեց ադրբեջանական ՕՄՕՆ-ին, անակնկալի բերեց նաև խորհրդային բանակի զորամիավորմանը։ Զրահամեքենաներն ընկրկեցին, իսկ երբ նրանցից մեկն անշարժացավ հակատանկային նռնականետի հարվածից, մյուսներն արդեն ետ քաշվեցին և համեմատաբար հեռվից սկսեցին խփել։
Կռվի խառն այս ընթացքում ևս ճիշտ կողմնորոշվելով՝ Ջիվանը շարունակ հրահանգում էր, որ կրակը ոչ թե բանակի զինվորների, այլ օմօնականների վրա ուղղվի, որովհետև լավ էր հասկանում, որ առճակատումը խորհրդային բանակի հետ կարող է հաջողություն բերել մեկ մարտում, իսկ ամբողջության մեջ անհեռանկարային է։