Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա անթույլատրելի էր համարում հայ և ռուս զինվորների՝ իրար վրա կրակելը, նրանց՝ հակադիր խրամատներում գտնվելը համարում էր գորբաչովյան դավաճանության արդյունք։

Ավարտված համարելով պաշտպանության այդ փուլում առաջադրված խնդիրը՝ հակառակորդին ցույց տալ հայկական ինքնապաշտպանական ջոկատների ուժը, զինական հագեցվածությունը, մարտունակությունը, նաև թշնամուն անպատիժ չթողնելու կամքը՝ Ջիվանը կազմակերպեց օղակված գյուղից դուրս գալը և Վերի Շենից դեպի Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ գյուղերը ձգվող ճանապարհների խաչմերուկին նոր դիրքեր գրավելը։

Գյուղը թողնելու գլխավոր դժվարությունը դարձավ մինչև անտառի փեշերը ընկած մի քանի հարյուր մետր բաց տարածությունը անցնելը։ Բնակավայրի ներսում ընթացող փողոցային մարտերի վարպետ կիրառմամբ և շարունակ երթի ուղղությունը փոխելով, խուսափելով սպառնացող ավերիչ հրետանային հարվածներից, տնամերձ հողամասերի միջով տնից տուն և փողոցից փողոց անցնելով՝ Ջիվանի առաջնորդությամբ ջոկատները հասան գյուղի ծայրը։

Հայկական պաշտպանական խմբերի՝ շրջապատումից դուրս գալը տեսնելով՝ հակառակորդն սկսեց կույր հրետակոծության ու գնդակոծության ենթարկել լեռնաշղթայի անտառապատ փեշերը։ Այստեղ ևս անգնահատելի դեր խաղաց Ջիվանի աֆղանական փորձը։ Սառնասրտորեն հաշվելով հակառակորդի կրակակետերից եկող հարվածների հետագիծը, նա ընտրեց հատկապես այն կածանները, որոնք չէին մտնում այդ կրակակետերի ընդգրկած շառավղի մեջ։

Վերի Շեն հասնելու համար ընտրվեց լեռնային անտառապատ մի ճանապարհ։ Ջիվանի հանձնարարությամբ տեղացիներից մի քանիսը, որոնք լավ գիտեին ճանապարհը, գնացին առջևից՝ տեղանքը հետախուզելու և ստուգելու, թե արդյոք դիմացի ոլորաններից մեկում չի սպասում դարանակալ թշնամին։

Էրքեջից Վերի Շեն տանող լեռնային այս կածանի թեք լանջին, որի կողքով հոսում է Հայ Պարիս գյուղը սնուցող ջուրը, կա մի աղբյուր։ Այն կոչվում է Աղջկա աղբյուր։ Դեռևս հնուց նրա հողը և ջուրը հռչակված