են եղել իրենց բուժիչ հատկությամբ։ Դրանք խառնելով՝ քսել են վերքերին, և աստիճանաբար այնքան հող է վերցվել, որ գոյացել է մի ողջ քարանձավ։ 1918 թ., երբ գյուղը վերստին հերոսական կռիվ էր մղում թշնամիների դեմ, վերջիններս հետապնդում են մի աղջկա։ Նա, չցանկանալով ընկնել հետապնդողների ձեռքը, իրեն ժայռից ցած է նետում և ջախջախվում այս աղբյուրի մոտ։ Այդ տեղում մեկ տարի անց գյուղի տեր Սարգիս քահանան կանգնեցնում է տապանաքար՝ այս դեպքը պատկերող եռակամար պատկերաքանդակներով, որի մյուս կողմում գրում է. «Այս է տապան Եպրաքսեայ կոյսին»։ Ժողովուրդը սրբացրել է այս վայրը, և մինչև մեր օրերն էլ, հին հավատալիքներից եկող սովորությամբ, շորերի կտորներ էին կապում շրջակա ծառերի ճյուղերից, որ այստեղ մնան իրենց ցավերը։
Մի քանի ժամ տևած կռվի, ապա նրան հաջորդած տևական երթից հետո ուժերը մի քիչ վերականգնելու համար Ջիվանը հրամայեց՝ առանց շարքերը խառնելու ջուր խմելուց հետո աղբյուրի շուրջը շրջանաձև պաշտպանություն կազմած տեղավորվել և հանգստանալ։ Դեռ բոլորը չէ, որ հասցրել էին ջուր խմել և այրվող ու չորացած դեմքերը լվանալ, երբ լեռնալանջի ներքևում առավել լայն արահետի մյուս կողմից մեքենաների լույսեր ուրվագծվեցին և տեխնիկայի խուլ բվվոց լսվեց։ Հնչեց Ջիվանի հանդարտ ու վճռական ձայնը՝ հակատանկային նռնականետները և գնդացիրները առաջ բերել։ Երբ անցան լարված սպասման մի քանի րոպեները, պարզվեց, որ անցնող տեխնիկան շրջանի պաշտպանական ուժերինն է, որոնք վերախմբավորվում էին տեղահանված երեք գյուղերից այն կողմ՝ Վերի Շենից էլ վեր գտնվող խաչմերուկում։ Դեպ այնտեղ ուղղվեցին նաև Էրքեջից դուրս եկած ջոկատները։ Մինչ անտառային բացատին հրաժեշտ տալը, վերը հիշված ժողովրդական հնավանդ սովորությամբ, շատերը իրենց զգեստներից մի-մի կտոր թողեցին աղբյուրի մոտի թփուտների ճյուղերին...
Շուտով երևաց Վերի Շենը։ Կեսօրվա մարտերի լուրը արձագանքել էր ողջ շրջանում, և մանրամասներն իմանալու համար գյուղից բավական հեռու, ճանապարհի ոլորանում մեծ բազմություն էր հավաքվել։ Նայելով անտառից դուրս եկողներին՝ նրանք տեսան ոչ