Այս ճանապարհի հաջորդ կարևոր քայլը դարձավ բրիգադի համար թիկունքային սպառնալիք եղող և անմիջականորեն Մատաղիսի հետ կապված Տոնաշենի գյուղախմբերի ազատագրումը մարտին։ Մաղավուզը Տոնաշենից բաժանող պայթեցված կամրջի փոխարեն սակրավորական բացված կամրջով իրականացվեց մի անհավատալի գետանցում, և բրիգադի ուժերը գրավեցին Տոնաշենը ու մոտեցան Մատաղիսի ջրամբարին, որի կողքով տարածվում էր գյուղը։
Դիրքային ձեռք բերված այս առավելությունը մինչև իրականացնելը Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ բրիգադը ձեռնամուխ եղավ նախ ռազմատեխնիկական ապահովման ենթակառուցվածքներ ստեղծելուն՝ ապահովելու համար զինամթերքի անխափան մատակարարումը, զինտեխնիկայի առաջխաղացումը, վիրավորներին շուտափույթ օգնության համար ճակատային գծից ետ բերելը, որն իսկապես փրկեց արյունաքամ եղող բազմաթիվ զինվորների կյանքը, միաժամանակ օգնության շտապող ուժերին հնարավորություն տալով արագ տեղաշարժվելու։
Հյուսիսային Արցախի սառնաշունչ ձմռանը՝ փետրվար-մարտ ամիսներին, փորվեցին և ընդարձակվեցին դեպ Մատաղիս տանող լեռնային նեղ կածաններն ու ճանապարհները։ Սառած և քարացած հողի հետ կռիվ էր տրվում գիշեր ու ցերեկ, և արդյունքում կառուցվեցին այնպիսի ճանապարհներ, որոնք բանակին և բնակչությանը ծառայեցին նաև զինադադարից հետո։
1992 թ. հուլիսին Մատաղիսից դեպ Մարտակերտ տանող բոլոր ճանապարհները վերածվել էին գաղթող ժողովրդի մարդկային մի կենդանի գետի։ Պարզվեց, սակայն, որ այս ճանապարհներից և ոչ մեկով հնարավոր չէր իրականացնել Մատաղիսի ազատագրման գրոհը։ Պատճառը միայն այն չէր, որ այդ ճանապարհները գտնվում էին ուղիղ կրակի տակ, այլ որ գյուղը ջրամբարի հետ գոգավորության մեջ էր, քանի որ ջրամբարները կառուցվում են նման գոգավորություններում, որպես բնական քարե ամաններ, որ այնտեղ ջուր կուտակվի։