Նման պայմաններում Հակոբ Կամարիից կամ Տոնաշենից իջնել այդ գոգավորության մեջ, նշանակում էր կենդանի թիրախ դառնալ գյուղի վերևում գտնվող հակառակորդի գնդացրային և հրետանային կրակի համար։ Նման ձևով, քանի որ հայկական ուժերի ձեռքին գտնվող Հակոբ Կամարիի կողմից ևս Մատաղիսը տեսանելի նշանառության ներքո էր, ուստի ադրբեջանցիները ևս այնտեղ գրեթե մուտք չէին գործում, որով այս բնակավայրը գտնվում էր համարյա չեզոք գոտում։
Մատաղիսի նման դիրքը բացառում էր ճակատային գրոհը՝ առաջնությունը տալով նապոլեոնյան «Գլխավորը տեղաշարժերն են (մանյովրները)» մոտեցմանը։ Ահա այս պատճառով թևերի աջակցությամբ ճակատային գրոհի փոխարեն ընտրվեց թևային բարդ տեղաշարժերով հարձակումը, որի նպատակն էր լեռնային անցմամբ խորանալ թշնամու թիկունքը և այնտեղից հարվածել Մատաղիսը կրակային նշանառության տակ պահող կետերին, որին զուգահեռ զարգացնել հաջողությունը Տոնաշենի ամբարտակի ուղղությամբ, իսկ Հակոբ Կամարիից լեռնային ոլորապտույտ ճանապարհով իջնել և ջրամբարի ջրակարգավորիչ պատնեշի վրա կառուցված ճանապարհով մտնել գյուղ։ Այնուհետև թե՛ գրավված Արեգասարի լեռնային ճանապարհով և թե՛ ուղղակիորեն Մատաղիսից բրիգադի երկու թևերում գտնվող Մարտակերտի գնդի և Շահումյանի պարտիզանների հետ շարժվել դեպի Թալիշ։
1992 թ. ամռան գաղթի սև օրերին, երբ թվում էր, թե Շահումյանի ու Մարտակերտի ժողովրդի հետ այստեղից նաև հայկական շունչն է հեռանում, Թարթառի կիրճը անդնդասույզ մի ձոր էր հիշեցնում, իսկ հիմա թվում էր, թե ժպտում է զմրուխտյա թավիշ իր զույգ ափերով։
Բոլոր նրանց, ովքեր դժբախտություն էին ունեցել այստեղով անցնելու 1992 թ. գաղթի օրերին, մինչև 1994 թ. ապրիլի 12-ը Թարթառի կիրճի ու Մատաղիսի ջրամբարի պատկերները հանգիստ չէին տալիս՝ երևալով որպես ցնորք, տեսիլք ու միրաժ, և վերջապես եկավ վերստին իրականության վերածվելու պահը։