Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձգտել ազատագրել Մարտակերտի դաշտային հատվածը, իսկ Ադրբեջանի նպատակն էր պահել դաշտային հատվածը և աշխատել ետ գրավել Թալիշի դիմացի լեռնաշղթան։ Հայկական ուժերը, պահելով այս բարձունքները, հռթիռահրետանային վերահսկողություն էին սահմանում ողջ Միր Բաշիրի, այդ թվում և քաղաքի վրա և իշխում ներքևում տարածվող հարթավայրին։ Ադրբեջանական ուժերը եթե կարողանային ետ վերցնել այս լեռնաշղթան, ապա կվերանար դեպի հարթավայր տարածվող սպառնալիքը։ Միաժամանակ հետադարձ ընթացքով նրանք կկարողանային ետ վերցնել Թալիշն ու Մատաղիսը և իրենց համար այնքան կենսական նշանակություն ունեցող ջրակարգավորիչ ջրամբարը։

Հայկական ուժերը և հատկապես հինգերորդ բրիգադը եթե ընկրկեին, ապա այսօր մեր կորուստների շղթան ավելացած կլիներ ևս մեկ թանկ ու նվիրական օղակով։ Մենք նաև կկորցնեինք հակառակորդի վրա իշխող դիրքերը և կհայտնվեինք արդեն նրա անհամեմատ ավելի նպաստավոր դիրքերի թելադրանքի և ճնշման ներքո, ինչպիսին որ էր իրավիճակը ապրիլի 12-ից առաջ։

Հարթավայրային աննպաստ տեղանքի և մի շարք այլ գործոնների պատճառով թեև հնարավոր չեղավ ետ բերել Մարտակերտի դաշտային հատվածը, փոխարենը, սակայն, որպես այսօրվա առաջնային գծի հյուսիսային վահան՝ պահպանվեցին Թալիշ-Մատաղիսյան գործողության ընթացքում հաստատված դիրքերը։

Մատաղիսի ազատագրումը քսանամյա հեռավորությունից որպես մի դաս մեզ սովորեցնում է.

Առաջին՝ արտաքուստ անակնկալ և անբացատրելի կորուստներին նախորդում է անտեսանելի նահանջը երկրի կյանքում և տարբեր բնագավառներում, և այս իրավիճակով պայմանավորված հուսալքումը։ Նաև հակառակը՝ նույնքան անակնկալ և կայծակնային թվացող հաղթանակներին նախորդում է երկրի ուժերի ողջ լարումը ու տևական նախապատրաստական աշխատանքը ռազմաճակատի գծում համապատասխան ինժեներա-տեխնիկական կառուցվածքների