Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դու կամեցար նոր ուղղություն, նոր կյանք շնորհել քու ազգին.
Թե՞ (ա՜խ լեզուս կարկամվում է) էիր պըղերգ պատանի,
Եվ այրական հասակդ առած՝ չեղար մարդոց պիտանի,
Անուս, անինչ, անգործ մնալով՝ ծափ ծիծաղի նըշավակ,
30 Թշվառ գլուխքդ վայ կարդալով՝ շատոնց նըման մըտար վանք։
Թե՞ քու հոգին ծարավի էր մի այլ աղբյուրի ջըրին,
Որի ակը պահած գիտցար ետևն վանքի պատերին,—
Ջուր եմ ասում, որ խըմեցին սուրբք՝ Եղիշե ու Մովսես,
Ղազար, Մամբրե, Կորյուն և Գյուտ, նոցա հետ էլ շատ Ներսես։
35 Գըտա՞ր արդյոք որոնածըդ, նըպատակիդ դու հասա՞ր։
Թե՞ ոսկի ցնորք փարատեցան և դու ուխտիդ փոշմանցար.
Գո՞հ ես վանքի սուրբ աղբերեն, երջանի՞կ է քու անձը,
Գերդաստանի հոր վիճակը չի՞ շարժում քու նախանձը...
Բայց երբ մենակ խըցիդ մեջը նըստած՝ Մաշտոց ես կարդում,
40 Հե՞ր աչերըդ գըրքին հառած՝ միտքըդ հեռու է թըռչում.
Ինչո՞ւ գիրքըդ վեր է ընկնում, մութ կոխում է աչերդ,
Ինչո՞ւ հանկարծ պեծպեծի են տալիս դեղնած թըշերըդ...
Հա՛յր սուրբ, ես քու աջին ղուրբան, թե հույսերեդ չես խաբվել,
Եվ աշխարհքս ուրանալով դրախտի շավիղն ես գըտել,
45 Երբ դու մի օր հանդիսանաս Հորն երկնավոր աթոռին,
Բարեխոս լեր վասն հոգվո քեզ այս խոսքերս մաղթողին։