Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ...
«Ի՞նչ անենք»... Ամո՜թ այսպես ասողին,
Ամո՜թ, բույր ամոթ հուսահատվողին,
Մա՜հ, մա՜հ, հազար մահ հեք վըհատվողին
Եղբարք, ալ չասենք. «Հայե՛ր, ի՞նչ անենք»։
5
Ասեք՝ ի՞նչ կանե ջուրը ընկածը,
Ասեք՝ ի՞նչ կանե քաղցած սովածը,
Ասեք՝ ի՞նչ կանե գերի ընկածը...
Եղբարք, ալ չասենք, «Հայե՛ր, ի՞նչ անենք»։
Ջըրամույնք ճըգնին քանի ուժ ունին,
10
Քաղցածը մաշե շեմքը դրացիին,
Փախչել կը հնարի կաշկանդած գերին...
Եղբարք, ալ չասենք. «Հայե՛ր, ի՞նչ անենք»։
Հարուստ, հե՞ր ոսկիդ սընդուկ դըրել ես,
Կըտրիճ, ո՞ր օրվա ուժըդ պահել ես,
15
Առ ի՞նչ, ազգասեր, ազգըդ սիրել ես...
Եղբարք, ալ չասենք. «Հայե՛ր, ի՞նչ անենք»։
Հարուստ, դիմացդ է ազնիվ ասպարեզ,
Հայրենին լավ է, քան թե ոսկու դեզ,
Թե մեռնիս՝ ոսկիդ հե՞տըդ կըտանես...
20
Եղբարք, ալ չասենք. «Հայե՛ր, ի՞նչ անենք»։
Կըտրիճ, ալ կանցնի քանի մի տարի,
Այդ թըշիդ վարդը իսպառ կըխամրի.
Չի թոռմիր միայն հիշատակ բարի...
Եղբարք, ալ չասենք. «Հայեր, ի՞նչ անենք»։
|
|