Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԶՈՀԵՐ

Վաճառական



Երբ զարնե ժամը հայի ըսթափման,
Ժամանե րոպեն ազգիս փրկության,
Իմ բոլոր ինչքը ու բոլոր ոսկին
Իսկույն կըզոհեմ ես իմ հայ ազգին։

Զինվոր



5 Երբ իմ հայ եղբարք կըկանգնին ոտքի,
Կըզոհեն ազգին ինչք, արծաթ, ոսկի,
Ես էլ չեմ խնայիլ իմ միակ լուման—
Կուտամ ես հային հեղեղն իմ արյան։

Քահանա



Երբ որ իմ եղբարց փրկության համար
10 Կըզոհվի արյուն ու գանձ անհամար,
Զվարթ դիմոք ես էլ կըզոհեմ ազգին
Իմ միակ գանձը—իմ անմահ հոգին։

Բանաստեղծ



Մինչդեռ հայ եղբարք խոր էին քընած,
Տակավին սթափման հարցը չէր զարթած,
15 Անունըս՝ թանգ քան ձեր կյանքն ու ոսկին
Ես վաղուց զոհել էի իմ ազգին։