Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



  Քեզ համար են գարուն, ամառ,
Ծառ ու ծաղկունք և դաշտ դալար.
Ուրախ սիրտն էլ քեզ համար,
Ամեն բերկրանք են քեզ համար։

  5 Քեզ համար են հաջող օրեր,
Բախտ, ցնծություն և շատ բաներ,
Մրահոն կուսին փայլուն աչքեր,
Ծիծաղ, արցունք են քեզ համար։

  Փայլուն լուսնի՝ գիշերները
10 Սար ու ձոր լուսավորելը,
Եվ սոխակի մեղմ երգելը—
Միայն, միայն են քեզ համար։

  Թաք սեղանքդ առատ լինի՝
Չե՛ս կարոտիլ բարեկամի—
15 Շնորհավորել Զատկի տոնի
Ամենք պատրաստ են քեզ համար։

  Արցունք, խնդում քու ծնողաց
Եվ աղջկա բերկրանք ու լաց,
Ծափ ու ծիծաղ բարեկամաց,
20 Այս ամենք են քեզ համար։

  Բայց... կա ուրիշ երջանկություն,
Որ երբեք չի մտնիլ քու տուն,
Թեև քաղցր է քու կերն ու խում —
Անկեղծ սերը չէ՛ քեզ համար։