Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԱՅ ԱՂՋԻԿ


Դու տեսե՞լ ես երկնքումը
Պայծառ լուսին ծագելիս,
Կամ թե կանանչ տերևի մեջ
Կարմիր ծիրան փայլելիս։

5 Դու տեսե՞լ ես ծաղկոցումը
Կարմիր վարդը փըթըթած,
Շուշան, մեխակ ու նունուֆար
Չորս բոլորքը պար բըռնած։

Բայց լուսինը խիստ խավար է,
10 Հայ աղջըկա առաջին,
Ծիրան, մեխակ ու նունուֆար
Չարժեն նորա մեկ պաչին։

Երկու թըշին վարդ են նստել,
Ճերմակ ճակտին՝ մեկ շուշան.
15 Ժպիտը բերնից ցած չի գալիս,—
Անմեղության է նըշան։

Տե՛ս, նա առավ կարմըրելով
Իր ընկերից դահիրան,
Դրըմդըրմբեցուց փափուկ մատով
20 Ու ըսկսեց լեզգինկան։

Նազուք մեջքը ծառի նըման
Տատանում է գեղեցիկ.
Մեկ թըռչում է նա անգուման,
Մեկ գընում է խիստ հեզիկ։

25 Հալվում է խեղճ կըտրիճների
Սիրտը՝ նորան տեսնելով,
Ծերը իրան անիծում է,
Որ ծերացավ խիստ շուտով։