Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

   25 Մըշտադալար ուռիներ
Սառ ծոցի մեջ քու ջըրին,
Ճկուն ոստըն ու տերև
Թող թաց անեն տապ օրին։

   Ափերիդ մոտ երգելու
30 Հովիվք թո՛ղ գան համարձակ,
Գառն ու ուլը քու վըճիտ
Ջուրը մըտնին միշտ արձակ։

   Մեջքը ուռցուց Արաքսը,
Փրփուր հանեց իր տակից,
35 Ամպի նըման գոռալով,
Էսպես խոսեց հատակից.

   — Խիզա՜խ, անմի՛տ պատանի,
Նիրհըս ինչո՜ւ դարևոր
Վրդովում ես, նորոգում
40 Իմ ցավերը բյուրավոր։

   Սիրելիի մահից հետ
Ե՞րբ ես տեսել, որ այրին
Ոտից գըլուխ պըճնվի
Իր զարդերով թանկագին։

    45 Որի՜ համար զարդարվիմ,
Որի՜ աչքը հրապուրեմ,
Շատերն ինձ են ատելի,
Շատերին՝ ես օտար եմ...

    Իմ ազգակից գիժ Քուռը,
50 Թեև այրի ինձ նըման,
Ըստրկորեն կրում է
Գայթակղիչի կուռ շղթան։

   Բայց նա ինձ չէ օրինակ,
Ես հայ՝ հայիս կըճանչնամ,
55 Օտար փեսա չուզելով,
Ես միշտ այրի կըմնամ։