25
Այսուհետև իմ կյանքն է ինձ գերություն,
Մահը միայն տալու է ինձ փըրկություն։ —
⁂
— Ա՛ռ աթոռը, նըստե՛, ուտենք միասին,
Ասաց գոռոզ ծերուկ փեսան նոր հարսին.
Մազն ու ունքը նորա ճերմակ ինչպես ձյուն, 30
Ու աչքերը բոց կըրակի պես փայլուն.
Ես քեզ շատուց սիրում էի վառ սիրով,
Արդ՝ դու իմն ես, ու ես հանգիստ եմ հոգվով։
Ե՛կ, քեզ ցույց տամ իմ պահած փողն ու գանձըխ
Քեզ կընծայեմ այն բոլորն ու իմ անձը։— 35
«Քա՛վ, քե՛զ պահե բոլոր քու փողն ու գանձը,
Դու սևցուցիր, անբախտցուցիր իմ անձը»։
— Երթա՛նք մառան, խըմենք անուշ գինիներ։
«Գինին ի՞նչ շահ, երբ սըրտիս մեջ չի կա սեր,
Քանց քու գինին անուշահամ, պատվական, 40
Սիրում էի մեր տան ջուրը սոսկական»։
— Երթա՛նք շուկա, առնունք ակեր թանկագին։
«Ակը ի՞նչ շահ, երբ արցունք է իմ աչքին.
Անգութ հորըս դու փող տվիր ինձ առիր,
Ո՛չ ամուսին, այլ դու գերի ինձ արիր։ 45
Երկնի՛ց թըռչունք, դադարեցե՛ք երգելից,
Եղե՛ք սըրտիս ցավերուն դուք կարեկից.
Ես էլ էի ձեզ պես մի օր խընդագին,
Գընաց կորավ ազատ կյանքը իմ անգին։
Թըռե՛ք, տարե՛ք վերջին խոսքս իմ ծնողաց, 50
Թե Նազլուի վիճակն է այժմ սուգ ու լաց:
Ասե՛ք մորս, որ տվավ ինձ կյանք արև,
Թե խեղճ Նազլուն ուղարկում է քեզ բարև.
Մեր տունը, ուր անցավ կյանքըս մանկության,
Էլ Նազլուին տեսնելու չէ՛ հավիտյան։ 55
Հորըս ասե՛ք, քու խեղճ, թըշվառ աղջիկըդ
Բոլոր սըրտից ներում է քու չար գործըդ»։