Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եղբա՛րք, բանը դեռ անշոշափելի
Այժմուս մեր մըտքին՝ ցընորք չի կարծենք,
Բանը կմարմնանա ու տեսանելի
60 Կը լինի շուտ, միայն մենք վըստահ լինենք։

Մեր հույսը միայն մեր վըրա լինի,
Չեն պետք մեզ նըպաստ մեծատուններին,
Ողորմությամբ թո՛ղ մուրացիկն ապրի,
Մուրացողըն միշտ ստրուկ է օտարին։

65 Կեցցե՛ Հայաստան, որ երազական
Կարծում են ծերերն. իրոք չէ՛ այդպես,—
Մեր հայրենին դեռ չէ՛ չվառական,
Քանի որ ունի քաջ որդիք մեզ պես։

Բա՛վ է, օտարին շատ ծառայեցինք,
70 Ըստրկի վիճակն չէ՛ հավերժական,
Ազատության գինն մենք քաջ սերտեցինք,
Էլ չենք հավատալ օտարի խոստման։

Օտարի շահը թույն է մահաբեր,
Աչք է կուրացնում, միտք է պըղտորում,
75 Գերի է դարձնում մարդ ազատասեր,
Ոսկի ջըղթայով ձեռք ոտք է կապում։

Կըփըշրեմ շըղթաս, կերթամ Հայաստան,
Կըպագնեմ նորա հողը անարատ,
Կասեմ. «Եկել եմ որդիդ չվառական,
80 Գըրկիդ մեջ ինձ ա՛ռ, մայր իմ հարազատ։

Չունիմ ես ոսկի, այլ ոսկու մադան,
Ջըլոտ ձեռք ջուխտակ ու սիրտ անվեհեր,
Ձեռքումըս ունիմ բահ ու հըրացան,
Սըրտումըս ունիմ ազնիվ խորհուրդներ։

85 Քու հողն արգավանդ, ես մըշակ արի,
Մենք հաշտ կու ապրինք շատ ու շատ տարի.