Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Կլեոպատրային, բավական է, որ ապրեմ այն միևնույն քաղաքում, ուր նա է ապրում, այն ժամանակ միայն ես կսրբվեմ իմ մեղքերից:

Ես տեսա, որ Ասատուրի` այդ հսկա տղամարդու աչքերը, որոնցից քիչ առաջ ցինիզմ էր կաթկթում, բոցավառվել էին մանկական աչքերի նման: Մոտեցա ես նրան:

-- Ինչքա՞ն ես սիրում դու այդ եգիպտուհուն, - հարցրի: Ասատուրը չկարողացավ պատասխանել և սկսեց լաց լինել:

Մի ամիս անց` Ասատուրը նորից հայտնվեց իմ սենյակում: Երեխայի նման ոստոստում էր նա, անհարկի շարժումներ անում, նման այն մարդուն, որ կամ խելագարվել է և կամ արտակարգ, ցնորեցուցիչ ուրախության մեջ է գտնվում:

-- Ի՞նչ կա, պարոն քարոզիչ, - հարցրի հեգնությամբ: Ասատուրը կանգ առավ: Լռություն: Ապա նա աչքերը հառեց իմ աչքերին, փաթաթվեց ինձ ու հեկեկաց.

-- Մի ծաղրի ինձ, մի ապտակի ինձ, իմ հոգում դառնություն շատ կա, մի բարձրացնի իմ հոգին խարույկի վրա, կյանքի չարությունից ես քարոզիչ դարձա:

-- Ո՞վ հանցանք կգործի, եթե պատճառներ չլինեն, - պատասխանեցի, - եթե պատճառներ չլինեն, ո՞վ իրան կգցի ցեխի և ամոթի մեջ:

-- Ես շուտով կազատվեմ այս բոլորից, - ասաց Ասատուրը, - շուտով գնալու եմ,-ավելացրեց:

-- Ո՞ւր:

-- Եգիպտոս, - բացականչեց Ասատուրը:

-- Ընդմի՞շտ:

-- Ո՞վ է իմանում, գուցե… Ուզում եմ ընդմիշտ գնացած լինեմ, տեսնենք:

Լռություն:

Ասատուրն ինքը խզեց լռությունը:

-- Գնում եմ եկեղեցու կողմից: Ճիշտն ասած` Եգիպտոս չեմ գնում, գնում եմ Երուսաղեմ, սուրբ վայրերը: