Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ԻՆՉՊԵՍ ԾՈՎՈԻՄ ԽԵՂԴԵՑԻ ՄԻ ՄԱՐԴՈԻ»

Նա ինձ հանդիպեց Ատլանտյան ջրերում, «Օլիմպիկ» նավի վրա: Գնում էր Ամերիկա։ Մեր հանդիպումը պատահական չէր, այնպես չէր, ինչպես առհասարակ ճամփորդները պատահում են իրար — ճաշի սեղանի շուրջը, մի նոր տեսարան դիտելիս, կամ միևնույն լեզվով խոսելու առիթով — մենք իրար մոտեցանք օրգանապես։ Հենց որ նավի տախտակամածի վրա դրի ոտներս՝ հարյուրավորների մեջ աչքիս ընկավ մի թուխ մարդ, մազոտ երեսով, այնպես, ինչպես մի անմշակ, բախտին թողնված փոքրիկ պուրակ, ցնցոտիներով և խորը թախծոտ։

— Կամ հայ է, կամ սիրիացի,— մտածեցի,— առնվազն մի խեղճ փոքրասիացի։

Մոտեցա և անմիջապես հարց տվի.

— Հա՞՛յ ես։

— Հա ՜յ եմ, յա՜,— պատասխանեց՝ թախիծը փոխելով ուրախության։

Հինգ րոպեում մենք բարեկամներ էինք: Բարձրացանք նավի կաֆեն, խմեցինք ու սկսեցինք խոսել։

Ես նրան պարոն Խաչեր էի ասում, բայց երբ կամաց֊կամաց ծանոթացա իր անձնավորության, իր առօրյա փիլիսոփայության, աշխարհի իրականության հանդեպ իր ունեցած տեսակետներին՝ մտածեցի, որ նա կյանքում անպայման Խաչեր աղա է: Դեռևս հաստատ եզրակացության չէի հասել՝ երբ նա իր պատմության ընթացքում ասաց.