Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

՝— Ապրում էի քաղաքում,-— վերջապե՛ս սկսում է Խաչեր աղան,— ունեի կին և մի հատ էլ ծեր մայր, տուն-տեղ ծախեցի և ճանապարհ ընկա դեպի Ամերիկա։ Հասա մինչև Պոլիս մայրս վախճանվեց, նրա հիվանդության պատճառով Պոլսում բավական մնացի և, բնական է, ճանապարհի դրամագլխից ծախսեցի, հետո նորից ճամփա ընկա։ Հասանք Ւզմիր. կինս հիվանդացավ, ստիպված նավից դուրս եկանք: Ւզմիրում էլ կինս մեռավ, երեխաներս մնացին որբ, բոլորովին անօգնական։ Որոշեցի որբանոց տանել, բայց ոչ մի որբանոց երեքը միասին չվերցրեց. երեք որբերս էլ մի-մի որբանոց տեղավորեցի և նորից ճամփա ընկա դեպի Ամերիկա։

Ես ընդհատեցի Խաչեր աղային,

- Ի՞նչ ցավ ունեիր, որ տուն-տեղ քանդեցիր և Ամերիկա ես գնում,— հարց տվի,— աղքա՞տ էիր, քաղաքակա՞ն պատ¬ ճառներ կային, թե՞ քաղաքակրթական պատճառներ։

— Չէ՜, լավ էի ապրում, կնոջս հագվեցնում էի ինչպես փչենք ջորին, քաղաքական ոչ մի պատճառ չունեի, մենք գերդաստանով հեղափոխության չենք հավատում։

Խաչեր աղան քաղաքակրթության խոսքը չարավ։ Նա չհասկացավ իմ միտքը։

— Ապա՞։

- Հարստանալու եմ գնում, միանգամից հարստանալու:

Ստույգ բան էր, որ Խաչեր աղան զառանցում էր։ Երևի նա լսել էր, որ Ամերիկայում ոսկին թափած է փողոցներում։

- Ամերիկայում բոլոր փողոցները սալահատակված են և օրական երկու անգամ մեքենա-ավելով ավլում են, փողոցներում ոսկի չի մնամ, իզո՜ւր ես կարծում, որ փողոցներում ոսկի կա։

-Ես երբեք չեմ կարծում, որ փողոցներում ոսկի կա:Ես ոսկին մե՜ր քաղաքում եմ գտել։

Շփոթվում եմ։ Եթե ծովն ալեկոծ լիներ՝ պիտի վստահեի իմ անհասկացողության, բայց ծովը խաղաղ է, հունիսի սկզբների հով գիշեր, ուղեղային խանգարման ոչ մի պատճառ չունեմ ։

- Եթե ոսկին ձեր քաղաքում ես գտել, ինչո՞ւ Ամերիկա ես գնում։