-- Մի քիչ էլ համբերիր, կմտնեմ նավը, և էլ ո՛չ մի եկեղեցական տարազ, ո՛չ մի քարոզ:
Էլի լռություն:
Այս անգամ ես խզեցի լռությունը:
-- Գնանք մի քանի բաժակ գարեջուր խմենք:
-- Գնանք, - պատասխանեց Ասատուրը, վզից պոկեց օձիքը, փոխեց գլխարկը և դուրս եկանք:
Դուրսը մարդկային հոսանքը շարժվում էր Ատլանտյան օվկիանոսի նման, դանդաղ, ահավոր:
⁂
Գինետան սեղանի շուրջը մի քանի բաժակ գարեջուր խմելուց հետո ես առաջարկեցի Ասատուրին գնալ և երաժշտություն լսել:
-- Բրոդուեյի վրա Բեթհովեն են նվագում, գնանք:
-- Ուրախությամբ կգամ, զզվել եմ կրոնական երաժշտությունից: Ի՞նչ են նվագում Բեթհովենից, - հարց տվեց Ասատուրը:
-- Ծրագիրը չգիտեմ, բայց Բեթհովենից ինչ ուզում են նվագեն, կարելի է լսել ամբողջական հոգով:
Գնացինք Բրոդուեյ:
Նվագում էին Բեթհովենի հինգերորդ սիմֆոնիան:
Հանկարծ Ասատուրը մրթմրթաց.
-- Հանճարը բախում է ճակատագրի դռները: -- Նա խորունկ հոգոց հանեց:
-- Ճակատագրի դռները բխում է ամեն մարդ, դու էլ ես բխում ճակատագրի դռները:
-- Այո, - հազիվ պատասխանեց Ասատուրը:
Երբ համերգից դուրս եկանք, Ասատուրը չէր խոսում, լուռ էր:
-- Էլի՞ մտածում ես Կլեոպատրայի մասին:
-- Ոչ, մտածում եմ ճակատագրի մասին, - պատասխանեց Ասատուրը:
Այդ երեկո, Ասատուրից բաժանվելուց հետո, ես ունեցա մի հեռավոր հույս, որ նա շուտով պետք է ազատվի կեղծավորության անագորյուն ճիրաններից. ունեցա մի հեռավոր