Զաքարը և Իսոն խմելիքի ավազանին մեջ մկրտված էին։ Մեկ մորմե ծնած երկու եղբայրներն անգամ իրարու հետ այնպես նուշ ու շաքար չէին կրնար ըլլալ:
Խանութին ետև սենյակ մը ունեին Քոլոմպոս էվընյուի վրա, իրիկունը՝ խանութը գոցելե հետո, կը քաշվեին սենյակը և կը խմեին։
— Զաքա՛ր, դրախտի պես երկիր է, ազա՜տ, ո՛վ կըսե քի աչքիդ վրա ունք կա, խմե, տունեանըն...
— Իսո՛, ինծի կուգա քի էս ուսկին (վիսկի) որ չըլլար, մինչև հիմա նե ես կայի, նե դուն։
— Հը՛, խե՞նթ ես, ինչ գործ ունեի էս աշխարհը,— ու կավելցներ,— Զաքար, դուն շատոնց է էս երկիրն ես, ըսե, էս ուսկին ո՞վ է պատրաստեր առաջին անգամ:
— Ի՞նչ պիտի ընես, չեմ գիտեր։
— Այ վա՜խ...
— Ինչու կափսոսաս. ի՞նչ պիտի ընեիր։
— Պիտի երթայի գերեզմանին վրա մոմ վառեի, մո՛մ։
— Հա՛, հա՛, հա՛, Իսո, ուսկի, ը՛, կընիկդ ի՞նչ կըսեր,– հարց կուտար Զաքարը։
— Սուրբ Գիրք, Քրիստոս, ես ի՞նչ գիտեմ: Ա՛ռ, հատ մը քաշե:
— Հոգուդ ղուրբան։
— Անուշներ։
— Էվալլա՜...
Այս էր անոնց կյանքը իրիկվան խանութը գոցելեն ետք։ Միայն երբեմն Զաքարը խոսք կըներ ցորեկը գործի ատեն խմելուն համար։
Դուն ըլ կխմես,— Զաքարին երեսին կուտար Իսոն։
— Հա՛, ես ըլ կը խմեմ ամմա, մկրատը բռնողը դուն ես։
— Շատ մի հաչե՜ր... երեսուն տարի է այդ մկրատը ձեռքս է։
Այս տեսակ պատասխանելը Զաքարին համար կոպտություն չէր նկատվեր, ընդհակառակը մտերմության, խոր բարեկամության քնքշություններ էին։
Իսոն ու Զաքարը իրենց մեջ ստեղծած էին հատուկ բարբառ, այնպես՝ որ իրենցմե դուրս ոչ ոք չէր հասկնար։ Օրինակի համար՝ «խազ է» կըսեին, խազը ուրիշ բան չէր, եթե