գուլպա-գանձարկղում և զրկելոով Կիրակոսյանի գլուխը՝ ագահորեն համբուրեց։
Կիրակոսյանը բաժակ բաժակի ետևից դատարկեց, հարբեց, սկսվեց նրա մեջ ցանկության խոլական խարույկը։
Ես շուտով դուրս եկա փողոց, Կիրակոսյանը մնաց այնտեղ, մինչև անգամ չնշմարեց, որ ես փախչում եմ։ Վիթխարի քաղաքի կենտրոնից հեռու էի, քայլեցի մի քանի փողոց, իջա ստորերկրյա տրամվայը և գնացի հյուրանոց։
Պառկած եմ մահճակալիս վրա, հետևից էլեկտրական փոքրիկ լույսը լուսավորում է օրվան լրագիրը․ կարդում եմ․ «Նավահանգստում հյուսիսային ուժեղ քամիների պատճառով սառել են 32 անապաստան մարդիկ»։
Երբ լրագիրը թողի ու հիշեցի Կիրակոսյանին, եկա այն եզրակացության, որ նա իսկապես ձեռնածու էր, արվեստի կատարներին հասած ձեռնածու, որ խաղում էր «երկնք»-ի ու երկրի միջև, մի լարախաղաց՝ կախված արհավրալի բարձրություններից, մի ձեռնածու, որի ո՛չ թե միայն մարմինն է ճկուն, օձագալար, սողունային, ճարտար ու ճարպիկ, այլ նրա հոգին, որ խաղում էր «աստուծո» և մարդկանց միջև աստվածային ֆինանսով, գնելով սպիտակ ներգուհուն, որի մարմինը նման էր ամենաանարատ մարմարներին և արյունը հալած, հեղուկացած կարմիր վարդերին։
Մի քանի օր հետո մի քանի ծանոթ հայ ընկերների հետ միասին պատահեցինք պրն․ Կիրկոսյանին, որը մեզ հրավիրեց գինետուն։
Ոչ թե միայն գինետուն չէի ուզում գնալ Կիրակոսյանի հետ այլ և մինչև անգամ չէի ուզում նրան պատահել քարոզից, աղոթքից և նեգրուհու տանը տեղի ունեցած դեպքից հետո, բայց ընկերներս ստիպեցին, հնարավորություն չունեին անմիջապես բացատրելու և նրանց հետ միասին ակամա ներս մտա։ Նստեցինք սեղանի շուրջը և սկսեցինք խմել։ Կիրակոսյանը ըստ իր սովորոււթյան անեկդոտներ էր պատմում և բոլորը լիաթոք ծիծաղում էին։
Մենք խմում էին ջինջըրեյլ և շամպայն, իսկ Կիրակոսյանը իր ամենասիրելի թուխ գարեջուրը։
Հանկարծ Կիրակոսյանի դեմքը փոխվեց, ստացավ լուրջ կերպարանք և մեզ հայերեն լեզվով ասեց․