Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ամեն առավոտ չեմ լսում գործարանի սուլոցը կամ հանդիպում վերակացուին:

Բայց հազիվ էր երկու ամիս անցել, երբ սկսվեց Հելլենո-Թուրքական արշավանքը: Երկիրն ամբողջ խառնվեց իրար, մթերքների գները բարձրացան և գրախմինինը (հունական թղթադրամ) ընկավ հասարակ թղթի հավասար: Ամբողջ 27 տարվա իմ աշխատանքի, քրտինքի, արդյունքը մի օրվա մեջ փոշու հավասարվեց, և ես մի օրում աղքատացա այնպես, ինչպես 27 տարի առաջ, երբ դեռևս հայրենիքումն էի և Ամերիկա չէի գնացել: Ահա թե ինչու ատում եմ ես Հունաստանը՝ փիլիսոփաների հայրենիքը: Այդ արշավանքի կարիքը երբեք չկար, արյունը հոսում էր հարուստների համար, որպեսզի ավելի ու ավելի հարստանան:

Ահա նորից վերադառնում եմ այս սարսափելի, ահարկու քաղաքը, վերադառնում եմ պարտքով, ուզում եմ գնալ հնոցի առաջ և խանձել իմ կյանքի վերջին տարիները:

Այս րոպեիս ականջներս ամբողջ լցված են մեքենաների ճռճռոցով, ինձ թվում է, որ մեռած մարդկանց ոսկրներն են ճարճատում, ինձ թվում է, որ հազարավոր կմախքների ծնոտներ կափկափում են, սիրտս ճմլվում է, երբ լսում եմ Նյու-Յորքի աղմուկը, հոգուս վրա ամպեր են կուտակվում, երբ տեսնում եմ այս փառահեղ քաղաի ծուխը:

Պրոդոբոբոբոբոլոսը թափեց դառն ու աղի արցունքներ, հետո կարմրած և առանց թարթիչների աչքերը չռեց վիթխարի քաղաքին: Նրա աչքերում սարսափ կար, դեմքի մկանունքները խաղում էին, և լուռ էր:

Նավը մոտեցավ նավահանգստին, կամրջակը գցեցին նավից դեպի ամերիկյան ցամաքը, սկսեցինք դուրս գալ: Մաքսային ձևականությունները կատարելուց հետո Պրոդոբոբոբոբոսը բռնեց ձեռքս, սեղմեց և ասաց.

— Մնաք բարով, ո՛վ է իմանում՝ կտեսնե՞ք իրար թե ոչ:

Նա գնաց, հրաժեշտ տվեց Բալթաճիսին և Բրեմըրին: Նրանք ծիծաղով նրան ճանապարհ դրին, որովհետև նրանք չէին լսել նրա կյանքի ողբերգությունը: Իմ հայացքը հետևեց նրան, մինչև նա կորավ ահարկու քաղաքի փողոցներում:

1929թ.