Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ ընտրական պայքարում այդ լռությունը մահ էր։ Նախընտրելի էր, որ պաստոր Դուդլինի մասին էլ կեղտոտ պատմություններ հրատարակվեին, որովհետև լռությունը քաղաքական պայքարում ավելի քան անցանկալի էր։ Պաստոր Դուդլին մի քանի անգամ հանդես եկավ, բայց մամուլը գրեթե լռություն պահպանեց։ Ոչ մի սենսացիա։ Հազիվ լուրը արձանագրվեց։

Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը թեկնածու չուներ, թեև հայտարարված էր, որ բոյկոտի են ենթարկում ընտրությունը, բայց ճշմարիտն այն էր, որ կուսակցության ներսում համաձայնություն գոյություն չուներ, միայն Աշխարհի արդյունաբերական բանվորներ կազմակերպությունն էր, որ առանց թեկնածուի՝ երբեմն դուրս էր գալիս հանրախետական և դեմոկրատական կուսակցությունների էությունը պարզաբանելու համար։ Այդ ելույթները զսպվում, ճնշվում էին Նյու–Յորքի ոստիկանության կողմից։

Ընտրական պայքարի ամենահրաբորբոք վայրերը գինետներն էին։ Կոկտեյլի, վիսկիի և գարեջրի բաժակներում վառվում էր ընտրական պայքարը, վառվում էր ինչպես ձուլարանի հնոցը․ ճառեր, հայհոյանքներ, ինտրիգներ, կռիվ, ծեծ, սպանություն, ատրչանակ, մթի մեջ հետապնդումներ, ոստիկանության միջամտություն, կաշառք, պոռնիկներ։ Դոլլարը հոսում էր, ինչպես Հըդսըն գետը։ Ոստիկանները և ոստիկանատները լիացել էին դոլլարով։ Հարբեցողությունը հասել էր իր ամենակեղտոտ գագաթնակետին։ Գինետներում այնքան ծխախոտ էին խամում, ծխում, խմում և թքում, որ հատակի վրա գարշահոտ թուքը հոսում էր փոքրիկ առվակի նման։ Գինետները աննախընթաց առևտուր էին անում։

Թե հանրապետական և թե դեմոկրատական կուսակցությունների պատկանող հարուստները լայն էին բաց արել իրենց քսակների բերանները կուսակցական ընտրական պայքարի ֆոնդերը լցնելու, ուռճացնելու։ Բոլորն էլ հույս ունեին ապագա քաղաքագլխի ընտրությունից ձեռք բերել մեծամեծ մենաշնորհներ, շահել հարյուրապատիկ ավելի, քան տալիս էին։

Ամբողջ Նյու–Յորքը լցված էր պլակատներով, անճոռնի