Ուիգլինգը սպասում էր, որ մր․ Գողբաուտը գար և իրեն տեսներ փոշեսրբիչը ձեռքը։ Երբ Գողբաուտը մտնում էր բաժանմունք, հազիվ նշմարում էր Ուիգլինգին, որ փոշեսրբիչը բռնած, իբրև խոնարհության և հպատակության սիմվոլ՝ կռացել էր հարգանքի համար։ Գողբաուտի գնալուց հետո՝ Ուիգլինգը նետում էր փոշեսրբիչը, չորս կողմը նայում, ժպտալու այլևս կարիք չուներ, նա քարացրել էր իր դեմքի վրա կեղծ ժպիտի պերմանենտ գծերը։
Հակառակ այն բանին, որ Ուիգլինգը ինձ խոր տխրություն էր պատճառում՝ բայց ես միշտ հետևում էի նրան և ուզում էի տեսնել, թե օրվա յուրաքանչյուր ժամին ինչ է անում, ինչպես է ընդունում հաճախորդներին։ Սա մի ներքին սազիզմ էր, որով ես տանջում էի ինձ, որովհետև նրան դիտելը պարզապես տանջանք էր ինձ համար։
Ասում էին, որ տասներկու տարի է, ինչ Ուիգլինգը ծառայում է այս վաճառատանը, սկսել էր դռնապանությունից և հասել էր մինչև կլյոնկաների բաժանմունքը։ Նրա սողոսկումը եղել էր փշոտ ուղիներով և նրան երկար տարիներ ճանաչողները խղճում էին։
Ինձ համար պարզ եղավ նաև, թե ինչու մր․ Գողբաուտը շահագրգռված էր մր․ Գրինի ընտրությամբ։ Նա պատկանում էր կապիտալիստների այն խմբակին, որ ճգնում էր վերցնել ներքնուղիների մենաշնորհը։
Դեմոկրատական կուսակցության ետև կանգնած էր Թամանի Հոլը։ Սա ինքնին մի դեմոկրատական կազմակերպություն էր, որ Նյու–Յորքում ստեղծել էր քաղաքական մեքենայի ամենամութ, ամենակեղտոտ տեսակը։ Ինքը՝ մր․ Գողբաուտը, Թամանի Հոլի ամենափայլուն աստղերից էր։ Թամանի Հոլի ֆինանսի խոշորագույն մասը մր․ Գողբաուտն էր մատակարարում, այդ մազմակերպությունը, իսկապես, բաղկացած էր մր․ Գրինի նախկին ավազակային շայկայի անդամներից։ Մր․ Գողբաուտը իր ճառում չմոռացավ խոսել նաև Թամանի Հոլի մասին։
–Թամանի Հոլը,– ասաց մր․ Գողբաուտը,– այն կազմակերպությունն է, որ բարձր և անաղարտ է պահում դեմոկրատիայի դրոշակը Ամերիկայում։ Դուք չեք կարող երևակայել Նյու–Յորք քաղաքի, Նյու–Յորք նահանգի և առհասարակ