Ֆուլլըրն անբարոյական էր, կաշառակեր, ստախոս, անամոթ, Գրինը` լիրբ, լպիրշ և բռնակալ:
Ընտրություններից մի քանի օր առաջ հայտարաված էր, որ Ֆուլլըրը պետք էր խոսեր վերջին անգամ Նյու—Յորքի հիպոդրոմում: Ես ցանկացա անպայման գնալ և տեսնել այդ սարսափելի մարդուն: Ինձ թվում էր, որ ես ահա պետք է տեսնեմ հեքիաթների հրեշավոր հերոսներից մեկին: Շատ կանուխ գնացի, որպեսզի բեմի մոտիկ տեղ գրավեմ, որ հնարավոր լինի մոտիկից տեսնել հրեշին: Այդպես էլ եղավ: Մր. Ֆուլլըրը բեմ եկավ ավտոմոբիլով: Ավտոմոբիլը հենց փողոցից քշել էին բեմ: Երբ նա որոտացող ծափերի և ուռաների տարափի տակ կանգնեց ավտոմոբիլի վրա խոսելու` ես ապշեցի: Մր. Հիբըն Ֆուլլըրը շատ բարի, նուրբ դիմագծերով և հեզահամբյուր ժպիտով մի մարդ էր: Մի վայրկյան մտիցս անցավ. սուտ են բոլոր գրվածներն ու խոսվածները այս մարդու մասին: Բայց մր. Ֆուլլըրը երբ սկսեց խոսել, դեմքի բոլոր գծերը փոխվեցին: Նրա գլուխը մեծացավ իմ աչքին, կարծես ճղվեց և երկու գլուխ եղավ: Դեմքի մեղմ գծերը խստացան, աչքերը փայլատակեցին գազանի աչքերի նման, ինչպես քաղցած վագրի աչքեր, որովհետև նա առաջին հերթին հայտարարեց.
— Բոլորը դեմ են հարուստներին (հեգնական և անճոռնի ծիծաղեց), հարուստները հարուստ են նրա համար, որ նրանք մարդկության լավագույն տարրերն են, հարուստները հարուստ են նրա համար, որ նրանք բացարձակապես արժանի են: Ով որ հարուստների դեմ է, սուտ է, որովհետև ամեն մարդ ցանկանում է հարստանալ:
Նա մինչ անգամ հայտարարեց, նա` մր. Ֆուլլըրը, այսպես կոչված հանրատների դյուցազնը, որ եթե ինքը նորից ընտրվի քաղաքագլուխ` պետք է փակել տահանրատները:
— Քանի տարի է քաղաքագլուխ եք և չեք փակել հանրատները, — բացականչեց մեկը:
Ամբոխը միաբերան և թունավոր փրփուրով որոտաց այդ բացականչողի վրա, և նա լռեց:
Մր. Ֆուլլըրը նրան միայն պատասխանեց հետևյալը.
—Մասսաներն արթուն են և թույլ չեն տա, որ դուք վայրահաչեք: